30 Հունվարի, 2021
Երեկ՝ հունվարի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում, բախվել են Mercedes G-500 մակնիշի 06 DD 006 համարանիշի և ՎԱԶ-2102 մակնիշի 35 FV 550 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը:

Բախման հետևանքով 02-ը առջևի մասից կիսվել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի:

Մինչ հիվանդանոցում հետաքննիչ Ն. Պետրոսյանը պարզում էր վիրավորի ինքնությունը, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը մահացել է:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ քննիչը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Mercedes-ը Արմավիրից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ 02-ը գազալցակայանից դուրս է եկել, փորձել է անցնել չթույլատրելի հատվածը, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ»:

Այս տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը ստուգում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս