27 Մարտի, 2021

Համաձայն Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման, այս տարվա հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություն է լինելու: Բոլորը պատրաստվում են դրան, թեեւ նախքան ընտրություն նշանակելը դեռ շատ քայլեր կան անելու:

Բայց եթե քաղաքական ուժերի ակտիվությունը դեռ հասկանալի է, ի վերջո՝ ցանկացած կուսակցություն պիտի միշտ պատրաստ լինի հնարավոր զարգացումների, ապա առնվազն անհասկանալի է գործարարների քաղաքական ակտիվությունը: Որ Հայաստանում քաղաքականությունն ու բիզնեսը սերտ են կապված՝ փաստ է, բայց եթե նախկինում այս կամ այն գործարարը մտնում էր այս կամ այն կուսակցություն, հիմա գործարարները սեփական քաղաքական կուսակցություններն են ստեղծում:

Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ կուսակցություն հիմնելու կամ գրանցված կուսակցությունն իրենով անելու մտադրություն ունեն Երվանդ Թարվերդյանը («Արարատ» սննդի կոմբինատ), Տիգրան Արզաքանցյանը («Գրեյթ վելլի քամփընի»), Արտակ Թովմասյանը («Դվին» հյուրանոց), Խաչատուր Սուքիասյանը («Սիլ» կոնցեռն) եւ այլք: Եթե այս մարդկանց քաղաքական ծրագրերն իրականանան, ապա Գագիկ Ծառուկյանը կդադարի լինել միակը, ով ոչ միայն շքեղ դղյակ, մեքենաներ ու բիզնեսներ ունի, այլ նաեւ՝ սեփական շահերը սպասարկող կուսակցություն: Բայց Ծառուկյանի օրինակը վկայում է, որ գործարարների քաղաքական նման ակտիվությունը Հայաստանին ոչինչ չի տալու, իսկ օրվա իշխող ուժը կարող է դրանից օգտվել: Հիշեմ ընդամենը 6 տարի առաջվա որոշ զարգացումներ:

2015-ի փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին անվանեց կեղծ քաղաքական երեւույթ ու դաժան որակումներ հնչեցրեց: Այդ ելույթից հետո Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից եւ այլեւս քաղաքականություն չի վերադառնա: Ասաց, բայց մոտ երկու տարի հետո՝ 2017-ի հունվարին՝ ԱԺ ընտրությունից 3 ամիս առաջ վերադարձավ: Վերադառնալիս ասաց. «2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո ես փակեցի քաղաքական գործունեության իմ էջը՝ թույլ չտալով, որպեսզի ժողովրդի խաղաղ ու արդարացի պոռթկումը վերածվի առճակատման եւ արյունահեղության»: Ասաց, որ վերադառնում է, քանի որ ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն եւ ապագայի նկատմամբ անվստահություն։ «Ես չեմ կարող անտարբեր լինել իմ ժողովրդի ճակատագրի հանդեպ»,- բացատրեց նա: Այն ժամանակ լուրեր եղան, որ Սերժ Սարգսյանն է Գագիկ Ծառուկյանին վերադարձնում քաղաքականություն, քանի որ նա իր համար ավելի ընդունելի ընդդիմություն է, քան մյուսները:

Ու հիմա, երբ մեր երկրի վիճակի ծանրությունն ու խնդիրների բարդությունը անգամ հեռավոր աղերս չունեն 2017-ի իրականության հետ, առնվազն 4 գործարար կանգնել է Ծառուկյանի անցած ճանապարհի սկզբին:

Վերջին 30 տարում ճնշել են Ռուբեն Հայրապետյանին («Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր), Աշոտ Արսենյանին («Ջերմուկ գրուպ»), Գագիկ Հակոբյանին («Ռոյալ Արմենիա»), Խաչատուր Սուքիասյանն («Սիլ» կոնցեռն):

Տարիներ առաջ լուրեր եղան, որ Տիգրան Արզաքանցյանը Ռուսաստանում քրեական պատմությունների մեջ է ընկել եւ այլն: Այս մարդիկ հաջողեցին (տարբեր ձեւերով) կարգավորել իրենց հարցերը, բայց Հայաստանում գործարարները քաղաքական դաշտում հեշտ թիրախ են: Ես դեմ եմ գործարարների քաղաքական ակտիվ խաղերին: Լավագույն տարբերակը ոչ թե սեփական կուսակցություն ստեղծելը, այլ որեւէ կուսակցության սատարելը՝ օրենքի սահմաններում: Մոտ 100 կուսակցություն կա, ու դրանց մեջ հաստատ կա այնպիսին, որի նպատակները գործարարի սրտով են: Եթե նրա նպատակը երկրի քաղաքական կայուն զարգացումն է, պետք է ամեն կերպ աջակցել այդ կուսակցությանը: Միայնակ չեն, չէ՞․ ունեն տնօրեններ, տեղակալներ, թիմ: Իսկ եթե գործարարների նպատակը սեփական շահերն են, ուրեմն լավագույն օրինակը Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհն է:

Բնության մեջ շատ կան հաջող աշխատող միավորումներ, բայց հաջողության համար պիտի իմանաս, թե ինչն ինչի հետ խառնես, ինչ չափաբաժնով: Սխալ խառնելու դեպքում կունենաս սխալ միավորում, որի գոյությունը վնաս կբերի ե՛ւ քեզ, ե՛ւ երկրին:

kotayk

Լրահոս