29 Մայիսի, 2021

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հարցազրույց՝ պաշտպանու­թյան նախկին նախարար, այժմ «Հայաստան» դաշինքի ներկայա­ցուցիչ Սեյրան Օհանյանի հետ։

-Ինչպե՞ս եք ընկալել Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանից երկուստեք հետ քաշել զինված ուժերը, տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող Երկրների դիտորդներ, որից հետո կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Կարո՞ղ է, արդյոք, դա իրավիճակը լիցքաթա­փել սահմանին, ինչի մասին խոսում է Փաշինյանը:

-Երկու ուղղությամբ կա­րող եմ մեկնաբանել: Առաջինը․ յուրաքանչյուր երկիր պետք է իր սահմաններն ինքը կարողանա պահպանել, պաշտպանել: Դրա հա­մար գոյություն ունի Պաշտպանու­թյան նախարարության գլխավոր շտաբ և Ազգային անվտանգության ծառայություն՝ իր սահմանապահ զորքերով, և ամբողջ անվտանգային համակարգը, որոնք երաշխավորն են մեր պաշտպանության, անվտան­գության, տարածքային ամբողջա­կանության և սահմանների անձեռնմխելիության:

Եթե երկիրն ի վիճակի չէ ինքնուրույն սահմանները պահել, արդեն ինքնիշխանության կորստի խնդիր է, և այդ ամենը, ես կարծում եմ, մեր անիշխանության պատճառն է: Գաղտնիք չէ, որ պարտված իշխա­նություններն անընդհատ գտնվում են ճնշման տակ՝ և՛ քաղաքական, և՛ միջազգային, և՛ ռազմական, և նաև՝ աշխարհագրական: Ադրբեջանը քայլ առ քայլ առաջ է գալիս, որ հետագա­յում, երբ որ պայմաններ լինեն դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինքն իր դրած ոտքը երբևիցե հետ չի տանե­լու, հնարավորինս շատ տարածքներ է փորձելու վերցնել: Դա շարունա­կությունն է նրա, որ Ադրբեջանը տեսավ, որ հայաստանյան այսօրվա իշխանություններն ադեկվատ չեն, և քանի որ այս ոչ ադեկվատ, անգրագետ և թույլ իշխանություններն են, ես պատերազմը սկսեմ և հաղթեմ: Օգտվելով նրանից, որ այսօր նույն իշխանությունն է, դրան գումա­րած նախընտրական ժամանակա­հատվածում կասկած ունեն, որ ընտ­րություններում Նիկոլը չի դառնալու իշխանություն, շարունակում են ճնշումները՝ ՀՀ-ի շուրջ այդ օղակն ավելի սեղմելու համար: Այս իրա­կանության մեջ իր առաջարկը, իմ կարծիքով, անիրագործելի է:

-Ինչո՞ւ է անիրագործելի, եթե քննարկումներ կան, որ, ի հա­կակշիռ Ռուսաստանի, հնարավոր է այլ ուժեր բերի տեղակայի:

-Ես չեմ համարում իրատեսական, որ որևէ երկրի դիտորդ կգա և դի­տորդություն կանի, համենայնդեպս, դա մոտ ժամանակներս անիրա­գործելի է: Հայելաձև հետ քաշվելն էլ չեմ պատկերացնում: Կարող է մենք հետ քաշվենք, ադրբեջանցինե­րը նորից առաջ գան, այդպես չի լի­նում: Եվ, ի վերջո, հանուն ինչի մենք պետք է հետ քաշվենք մեր դիրքե­րից, և հանուն ինչի ադրբեջանցի­ները պետք է իրենց սահմանից հետ քաշվեն, իսկապես անհասկանալի է: Ինքը միշտ է ասում, որ պետք է գանք այնպիսի պայմանի, որը շա­հավետ լինի և՛ Ադրբեջանի, և՛ Հա­յաստանի, ոչ վաղ անցյալում՝ նաև Արցախի համար, իսկ հիմա միայն առաջին երկուսի, որ հետագայում սահմանները ճշգրտենք, բայց պետք է հասկանա, որ հակառակ կողմը՝ Ադրբեջանը, այդպես չի մտածում, իրենք մտածում են միայն ու միայն, բացառապես իրենց շահերի մա­սին, թքած ունեն մեր վրա և որտեղ կանգնեն, այնտեղ էլ մնալու են, և հետագայում դեմարկացիայի, դելիմիտացիայի ժամանակ մենք խնդիրներ ենք ունենալու իրենց հետ շպրտելու: Ես չգիտեմ՝ ինքն ինչի վրա է հենվում նման հայտարարություն անելիս:

-Իսկ գուցե դրսից մարդկանց է բերում՝ թեկուզ մեր ինքնիշխա­նությունը սահմանափակելու գնով, որ կարողանա սաստել Ադրբեջանի նկրտումները:

-Ամեն մի երկիր ինքն է պահում իր սահմանը, ամեն տանտեր տան պարիսպներն ինքն է դնում և պաշտպա­նում: Եթե դու ուզում ես տանդ քնես, բայց ուրիշը գա քո տան պարիսպը պաշտպանի, այդպես չի լինում: Այս իշխանությունը, իսկապես, վեց ամիս քնած է եղել և չի կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը: Դեռ ավելին ասեմ՝ լավ, ինչ-որ տեղ սխալ են գործել Սև լճի տարածքում, բայց այդ սխալ գործած տեղը մինչ կանգնեցնեին, բանակցություններ վարեին միջազգային առումով, մնա­ցած տեղերն արագ փակել է պետք, ինչը չեն անում: Ամեն օր մենք մի նոր միջադեպի մասին ենք լսում՝ առաջ գալ, մեր զինվորին սպանել, վեց հոգի գերեվարել, սա ինչ բան է: Այս իրավի­ճակում ես խորհուրդ կտայի փակել մնացած տեղերը, ապա միջազգային և ռազմական միջոցներ ձեռնարկել՝ մեր երկրի սահմանները պաշտպանելու համար»,-գրում է թերթը։

Մանրամասնրը՝ թերթի այսօրվա համարում։

 

kotayk

Լրահոս