3 Մայիսի, 2017

2016 թվականի հունիսին Նուբարաշեն խճուղում դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, այսօր չի ներկայացել դատական նիստին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը, հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը՝ սպանվածի կինը, որը դահլիճից դուրս էր եկել, ներս մտավ եւ պլաստիկե շշով մոտիկից հարվածեց գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանին:

Մեյթիխանյանն այսօր իր ներկայացուցչի միջոցով գրություն է ուղարկել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Դիմում նա գրել է․ «Նախորդ նիստին, երբ դատախազը հրապարակում էր մեղադրական եզրակացությունը, ես հասկացա, որ ի վիճակի չեմ լսելու անմարդկային գործողությունների հետեւանքով իմ ամուսնու սպանության բոթը եւ նայել այդ ամբաստանյալների դեմքերին»:

Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ նախորդ նիստին անթույլատրելի միջադեպ է տեղի ունեցել. տուժողի իրավահաջորդ Մեյթիխանյանը, ջրի շշով հարվածել է ամբաստանյալ Յուրի Հակոբյանին: Նա ասաց, որ նրա նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը կննարկվի այն ժամանակ, երբ ինքը նիստին ներկա կլինի:

Միաժամանակ, դատավորն ասաց, որ նույն նիստի ժամանակ անթույլատրելի միջադեպ է տեղի ունեցել դահլիճում գտնվող անձանց կողմից. նրանք տեւական ժամանակ բղավել են, սեռական բնույթի հայհոյանք տվել եւ նույնիսկ բջջային հեռախոս շպրտել:

Աննա Դանիբեկյանը դիմելով դատարանի դահլիճում գտնվողներին կոչ արեց կարգուկանոն պահպանել դահլիճում: Նշենք, որ այսօրվա նիստին ուժեղացված հսկողություն է սահմանվել, թե ամբաստանյալների, թե դահլիճում գտնվողների նկատմամբ:

kotayk

Լրահոս