6 Մայիսի, 2020

Հայաստանի քաղաքական դաշտում հեղափոխությունից երկու տարի անց ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Ընդդիմադիր դաշտը միասնական չի գործում, կան տարբեր կենտրոններ, որոնք հետապնդում են ամենատարբեր շահերը։

Վերջին շրջանում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ակտիվությունն ու հայտարարությունները ևս հիմք են տալիս ենթադրելու, որ վերջինս  ընդդիմադիր դաշտում տեղ ունենալու հայտ է ներկայացնում։ Նա դա կանի առանձին թե այլ շրջանակների հետ՝ առայժմ հստակ չէ, համենայնդեպս չի բացառվում ԱԱԾ նախկին պետի հետ համագործակցության հեռանկարը, ով ըստ Մինասյանի հայտարարությունների, միջնորդել է, որպեսզի սիմվոլիկ գումարի դիմաց ինքն ազատվի քրեական պատասխանատվությունից։ Նույն հայտարարության համաձայն՝  ինքն այդ առաջարկը ժամանակին մերժել է։

Մի բան հաստատապես կարող ենք ասել, որ Միքայել Մինասյանի՝  իր դեմքով քաղաքական հայտ ներկայացնելուց հետո ներքին խմորումները Քոչարյանի ճամբարում անխուսափելի են։ Միքայել Մինասյանը հայտ է ներկայացնում լինել ընդդիմության առաջնորդ, մի հայտ, որը ժամանակին արել է Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս պահի դրությամբ պայքարն ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ-ի նախկին ղեկավարի միջև։ Ըստ նրա՝ երկրորդ նախագահի հակավարկանիշը (անտիռեյտինգ)   մի քանի անգամ գերազանցում է նրա վարկանիշին, որ նա չի կարող քաղաքական դաշտում լուրջ հավակնություններ ունենալ. «Այնպես չէ, որ երկրորդ նախագահի ազդեցությունն  ընդհանրապես զրոյական է, բայց այն էականորեն զիջում է թե՛ վարչապետի և թե՛ անգամ ԱԱԾ նախկին ղեկավարի հնարավորություններին, ուստի  ընդդիմադիր դաշտում նա այս պահի դրությամբ հաջողություններ գրանցել չի կարող։ Նա կարող է այս կամ այն ուժին աջակցել, բայց որպես անհատ քաղաքական դաշտում շատ ձայներ չի կարող ունենալ։ Կրկնում եմ՝ որպես անհատ, նա եղած ուժերի հետ մրցակցության մեջ մտնել չի կարող , նա արդեն անցյալ է»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը ներկայացնելով քաղաքական դաշտի այժմյան դասավորությունը նկատեց. «2018 թվականի ապրիլ- մայիսից հետո քաղաքական դաշտում առաջացան տարբեր անուններ ունեցող կուսակցություններ, բայց եթե ուշադրություն եք դարձրել՝ նրանց գործունեությունը երևում է միայն լրատվական դաշտում՝ «Ազգային օրակարգ», «Մեկ Հայաստան» և այլն։ Հանրապետական կուսակցությունը քանի դեռ ռեբրենդինգի չի ենթարկվել՝ որպես այդպիսին ազդեցություն չունի, նույնիսկ բազմաթիվ գյուղապետեր են հրաժարվել  այդ կուսակցությունից և այդ ուժի անունից ընդամենը մի քանի հոգի է հանդես գալիս։ Ինչ վերաբերում է նախկին դեսպանին, որը վերջերս հրապարակային ելույթ ունեցավ՝ պաշտոնապես  վարչապետին մեղադրելով պետական դիրքի չարաշահման մեջ, ապա նա ունի լրատվական  միջոցներ, անհատ գործիչներ, որոնք իրեն աջակցում են։ Բայց այս ուժը ևս քաղաքական դաշտում մեծ ազդեցություն չունի»։

Ըստ Բադալյանի՝ որքան էլ Հայաստանը դե յուրե խորհրդարանական կառավարման մոդել ունի, այստեղ  քաղաքական ուժերը, կուսակցությունները ազդեցություն չունեն.«Անդրադառնանք  խորհրդարանական ուժերին՝ «Իմ քայլը» մարդկանց խումբ է, որը հիմնված է  վարչապետի վարկանիշի վրա, ապագաղափարական մարդկանց միություն է։ Որ պահին վարչապետը հեռանա՝ թե դաշինքը, և թե՛ կուսակցությունը կփլվեն։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», ապա երբ այն ստեղծվում էր, հույսեր կար, որ այն կարող  է ներկայացնել Հայաստանի չափավոր արևմտամետ ընտրազանգվածի շահերը։ Բայց այդպես չեղավ, չենք կարող ասել, որ ԼՀԿ-ն արևմտամետ ընտրազանգված է  ներկայացնում, նա իր միսիան չկատարեց ու այս պահի դրությամբ դիտարկվում է որպես Մարուքյանի շուրջ հավաքված մարդկանց խումբ, որը քննադատում է կառավարությանը։ «Բարգավաճ Հայաստանը»  նույնպես ապագաղափարական է, կարող է որոշակի ձախ սոցիալիստական է ընկալվում, բայց դա հիմնականում  այդ կուսակցության առաջնորդի բարեգործական ծրագրերով է պայմանավորված։ 99,9 տոկոսով, սակայն, այդ ուժը կուսակցության ղեկավարի ֆինանսաքաղաքական շահերը սպասարկող մարդկանց խումբ է, որը ժամանակ առ ժամանակ քննադատում է իշխող խմբին։ Կարող ենք ասել, որ ԲՀԿ-ն լիդերային կուսակցություն է, եթե կուսակցության ղեկավարը հեռանա, ինչպես դա ժամանակին եղավ, այն կարճ ժամանակ հետո կդադարի գոյություն ունենալ կամ կունենա շատ ցածր վարկանիշ»։

Մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ  թեպետ Հայաստանում կա դաշնակցական ընտրազանգված, այս պահի դրությամբ որակյալ  գործողություններ չի իրականացնում.«Բոլոր ուժերն էլ այս կամ այն չափով կարծիք ստեղծող են, բայց ազդեցիկ չեն։Թվում էր թե խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում կուսակցությունները պետք է գաղափարաքաղաքական պայքար իրականացնել, բայց մենք հիմա դա չենք տեսնում՝ հիմնականում մարդկանց, լիդերի կամ այլ շահեր սպասարկող մարդկանց խումբ է։ Ընտրազանգվածն այնպիսի կառուցվածք ունի, որ երբ նրա մի մասը այս գաղափարաքաղաքական պայքարը չի տեսնում, ուժեղանում է այն մասը, որն անհատների պայքար է տեսնում։Իսկ այս պահի դրությամբ այդպիսի անհատ են տեսնում վարչապետին, որի կերպարը դուր է գալիս ընտրազանգվածի որոշ խմբին, որը գնալով փոքրանում է, և երկրորդ ՝ որպես անհատ է դիտարկում ԱԱԾ նախկին ղեկավարին։ Անկախ նրանից, թե նա ինչ գաղափարաքաղաքական ծրագրեր կարտահայտի։ Ընտրողների տրամադրությունը հիմնականում, որ ամբողջապես, կախված չէ նրանից, թե նա ինչ ծրագրեր կառաջարկի, որովհետև նա հանդես է գալիս մի կերպարով, որը անձի համար քվեարկող ենթախմբի համար ընկալելի է»։

kotayk

Լրահոս