17 Փետրվարի, 2021
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը նախաքննական գաղտնիք է և չի բացառվում, որ ձայնագրությունը հենց ԱԱԾ-ն է տարածել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Արմինե Ֆանյանը։

Նշենք, որ համացանցում հայտնվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի և նրա սանիկի՝ Աշոտ Սուքիասյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, ըստ որի՝ նրանք քննարկում են օֆշորային գոտում գործարքների մանրամասները, մասնավորապես, պլանավորում են անելիքները, խոսում օֆշորային գոտում գրանցված ընկերությունում ստորագրությունները փոփոխելու մասին։

Ֆանյանը գտնում է, որ արտահոսքը եղել է ԱԱԾ-ից, քանի որ այն քրեական գործի տվյալ է, բացի այդ՝ նախկինում կցված չի եղել Աշոտ Սուքիասյանի քրեական գործին, չի հետազոտվել դատարանում։ Ըստ փաստաբանի՝ այն ձեռք է բերվել ավելի ուշ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, որին պաշտպանական կողմը դեռեւս չի ծանոթացել։

«Նախաքննական գաղտնիք է, որին չի տիրապետում անգամ պաշտպանության կողմը, բայց ինչ-որ երրորդ անձանց ձեռքերում է հայտնվել։ Ինչպե՞ս կարող է քրեական գործից ապացույցը հայտնվել երրորդ անձի ձեռքում։ Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն է այդ տեղեկությունը տրամադրել։ Հո քննիչի աշխատասենյակ չե՞ն մտել գործից դա ստացել կամ քննիչի համակարգչից ձեռք բերել։ Այդ ապացույցը միայն քրեական գործում է եղել, իսկ թե ինչպես է հայտնվել նախաքննական տվյալը՝ այլ անձանց ձեռքերում, արդեն ԱԱԾ-ն պետք է պատասխանի։ Եթե ԱԱԾ-ն պնդի, որ իրենք չեն հրապարակել, ուրեմն հանցանք է կատարվել։ Հետևապես՝ դրա շուրջ պետք է քննություն կատարեն և տեսնեն, թե քրեական գործի տվյալն ինչպես է հայտնվել հանրության լայն շրջանակների ձեռքում, որ մի հատ էլ մարդիկ տարածում են»,- նշեց Ֆանյանը՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքում կտեղեկացվի այդ մասին։

Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում վարույթն իրականացնող մարմինը՝ արտահոսք իրականացնելով՝ Ֆանյանը նշեց, որ ներկայումս Աշոտ Սուքիասյանի վերաբերյալ քրեական գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում և չի բացառվում, որ փորձ է արվում ազդեցություն ունենալ Վճռաբեկ դատարանի որոշման վրա։ Բացի այդ՝ ցանկանում են թիրախավորել եկեղեցին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

kotayk

Լրահոս