12 Օգոստոսի, 2020

Տարիներ առաջ, երբ Սերժ Սարգսյանը դեռևս Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան էր, ու պատրանքներ ունեի, թե չի կորցրել ողջամտության վերջին փշրանքները, ֆեյսբուքի իմ էջում նամակ գրեցի նրան, որը տարածեցին բազմաթիվ լրատվամիջոցներ: Առաջարկում էի հանդես գալ հրապարակային հայտարարությամբ՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան հրավիրելու առաջարկով: Սերժ Սարգսյանը, բնականաբար, անպատասխան թողեց նամակս, այդ կերպ հօդս ցնդեցնելով իր ողջամտության վերաբերյալ պատրանքներս:

Հետո եղավ թավշե հեղափոխությունը: Երկրի կառավարման պատասխանատվությունն ստանձնեց Նիկոլ Փաշինյանը:

Ես ու շատերը վստահ էինք, որ նրա առաջին քայլերից մեկը պիտի լիներ առանց որևէ մեկի միջնորդության Վանոյին հրապարակավ Հայաստան հրավիրելը, երաշխավորելով քրեական գործի արագ ու արդար հանգուցալուծում:

Նիկոլը, սակայն, ի պատասխան իրեն ուղղակի տրված հարցի՝ հայտարարեց, թե խնդիրը իրավական հարթությունում է, այդ կերպ լվանալով ձեռքերը և գրեթե հրեշտակային իր ուսերից թոթափելով որոշում ընդունելու պատասխանատվությունը:

…Հիմա ես ասում եմ (վայրահաչելու բուռն մղում ունեցողներին թախանձագին պիտի խնդրեմ սսկվել՝ սա իրենց դաշտը չէ). պարոն վարչապետ, դու թերևս չես պատկերացնում, թե ինչ խոշոր վրիպում ես թույլ տալիս այս մասին լռելով:

Դու պարտավոր ես դիրքորոշում հայտնել: Պարտավոր ես անել Քո քայլը. այն է՝ Հայաստանի Հանրապետության անունից ներողություն խնդրել Վանո Սիրադեղյանից քսանամյա իր վտարանդիության ու տարագրության համար, հրավիրել նրան հայրենիք, որի տաղանդավոր, արժանավոր ու պատվախնդիր զավակն է նա: Արա այդ քայլը առանց վարանելու, առանց հապաղելու, անգամ առանց քննարկելու՝ կգա՞ նա, թե չի գա:

Սա քո բարոյական մեծագույն պարտքն է, որից խուսափելու համար ինքդ քեզ չես ներելու:

Հ. Գ. Խնդրում եմ անհեթեթ քննարկում չծավալել, իմաստուն մտքեր չհայտնել, զարմանահրաշ մեկնաբանություններ չանել: Միակ բանը, որ ակնկալում եմ՝ այս գրառումը տարածելն է:

Վասակ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից

 

kotayk

Լրահոս