19 Սեպտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանն այսօր գրել է մի ստատուս, և խնդրել է լրատվամիջոցներին այն վերնագրել «Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ»:

Հարգելի պարոն Փաշինյան, անսխալական մարդ չկա, և սխալվելը ևս մարդու համար է(թեև վերջին երկու տարվա ընթացքում Դուք բազմիցս, կամա թե ակամա, համեմատել եք Ձեզ Քրիստոսի և Աստծու հետ): Խնդիրը սխալվելը չէ: Ձեր նամակում բոլորին փորձում եք համոզել, որ միայն այդ «սխալների» շնորհիվ հնարավոր եղավ անել այն ինչը տեղի ունեցավ 2018թ ապրիլ-մայիսին: Բայց ոչ ոք չի քննարկում դա լավ էր թե՞ վատ, ճիշտ էր, թե ՞ սխալ: Այդ ժամանակ Դուք ճիշտ էիք, գոնե այն պարզ պատճառով, որ «հաղթողներին չեն դատում»: Խնդիրը հենց նրանում է, որ Դուք մնացել եք 2018-ի տակ, ինչպես այն դերասանները, որոնք մնում են մեկ դերի տակ: Նման օրինակներ շատ կան:

Օրինակ ինչպես Վլ. Մսրյանը մնաց Պագանինիի տակ, իսկ Սմոկտունովսկին` Համլետի: Ի դեպ, հեղափոխությունների պատմության փորձը ցույց է տալիս, որ ոչ մի հեղափոխական չի կարողանում դառնալ լավ կառավարիչ: Ավելին, առավել ազնիվ հեղափոխականները` Չէ Գեվարան, իրենց միսիան կատարելուց հետո ընդհանրապես հրաժարվում են հետա աշխարիկ վայելքներից:

Դուք խոսում եք վճռականությունից: Հետ հայացք գցեք վերջին երկու տարիներին: Հեղափոխությունից հետո Ձեր և Ձեր թիմի վճռականությունը հօդս է ցնդել: Ամուլսարի խնդիրը, դատական իշխանության բարեփոխումները, սեփական կադրերի ձեռք «կրակն ընկնելը», հրապարակում և բազմաթիվ live-երում հնչեցրած խոստումներից հրաժարվելը, ներդրումների իսպառ բացակայությունը և էլի շատ օրինակներ գալիս են ապացուցելու վճռականության ի սպառ բացակայությունը: Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի:

Հարգանքով ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյան:

Հ.Գ. մի խնդրանք ևս: Փոխեք Ձեր բառապաշարը: Երկրի առաջին դեմքին վայել չէ օգտագործել «դոմփել, ասֆալտին փռել, գլուխները պատով են տվել» և այլ նմանատիպ ֆրազները: Հակառակ դեպքում շատ արագ կպարզեք, որ «գլուխները պատով են տվել» միայն նրանք, ովքեր հավատացել են Ձեզ:

kotayk

Լրահոս