28 Հունվարի, 2019

Կոտայքի մարզում, հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնի խճուղում՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 37-ամյա Մհեր Վ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 35 ND 319 համարանիշի եւ 29-ամյա Նարեկ Մ.-ի վարած BMW 525 մակնիշի 01 RP 050 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով «Նիվան» գլխիվայր շրջվել է, իսկ ուղեւոր 40-ամյա Մկրտիչ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հետաքննիչի որոշմամբ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. Պարզվել է, որ BMW-ի վարորդը եղել է սթափ, իսկ «Նիվայի» վարորդ եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը։

Պարզվել է նաեւ, որ Մհեր Վ.-ն ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։ Նրա մոտ վարորդական իրավունքի վկայական չի եղել։ Աղբյուրը հայտնում է, որ վարորդներից Նարեկ Մ.-ն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։

kotayk

Լրահոս