4 Մարտի, 2021

Այսօր, մարտի 4-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, դռնփակ ռեժիմով  շարունակվեց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու, իսկ Ռազմիկ Աբրահամյանը՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունել է։

Ավելի վաղ հաղորդվել է, որ  «Ներքին դիտում» ՕՀՄ-ի ձայնագրության և տեսագրությունների համաձայն` Ռազմիկ Աբրահամյանը 2019թ. հունվարին և մարտին 3 անգամ այցելել է Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին և դիմել նրան` իր և իր ղեկավարած բժշկական հաստատության օգտին ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և Դավթյանի պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Արսեն Դավթյանը չի մերժել Աբրահամյանի խնդրանքը, նաև ընդունել է վերջինիս առաջարկը՝ կաշառք ստանալու վերաբերյալ: Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Արսեն Դավթյանը մի քանի ամիս կալանքի տակ մնալուց հետո գրավի դիմաց ազատ է արձակվել:

Կաշառքի շուրջ այս աղմկահարույց դատական քաշքշուքներից չազատված, Ռազմիկ Աբրահամյան անուն ազգանունը մշտապես ասոցացվում է մանկավաճառության հետ։

Medmedia.am-ը բազմիցս անդրադարձել է Սուզաննա Պատվականյանի ու Հայկուհի Խաչատրյանի հայտնի դեպքերին, կանայք Ռազմիկ Աբրահամյանին մեղադրում են իրենց երեխաների անհետացման մեջ։ Սուզաննա Պատվականյանը ծննդաբերել է 15 տարեկանում ու անչափահասությունը թաքցնելու նպատակով Աբրահամյանը վերջինիս կաշառք է տվել, իսկ երեխան, ինչպես Սուզաննան է ասում, անհետացել է։ Իսկ Հայկուհի Խաչատրյանը նույնպես ծննդաբերել է Հանրապետական հիվանդանոցում, որից հետո իրեն ասել են՝ երեխան մահացած է ծնվել։ 1․5 տարի է անցել, բայց կինն այդպես էլ երեխայի դին չի տեսել, կասկածներ ունի, որ Ռազմիկ Աբրահամյանը վաճառել է երեխային։

Medmedia.am-ի հետ զրույցում Հայկուհին նշեց, որ այսօր դատական նիստը դռնփակ էր, այդ իսկ պատճառով իրենց «Հայոց մայրեր» հասարակական շարժման անդամներով ակցիան տեղափոխեցին Քննչական կոմիտեի բակ․

«Մեր պահանջը հիմնականում այն դրվագով է, որ ինչու՞ Քննչական կոմիտեն համապատասխան փաստեր չի ներկայացնում Աբրահամյանի կալանավորման վերաբերյալ։ Մեզ հայտնի է, որ Ռազմիկ Աբրահամյանը, ոչ միայն փոխնախարարին է կաշառք առաջարկել, այլև Ռուզաննա Քեհյանի հետ կաշառք են առաջարկել ինձ, Սուզաննա Պատվականյանին,  1 մլն դրամ է ինձ առաջարկել, որպեսզի լռեցնի։ Ինչպես նաև մենք պահանջում ենք, որ հետաքննվի Հասմիկ Աղաջանյան- Կարո Դալլաքյան զույգի նորածինների վաճառելու փաստը, ինչու՞ գործողություններ չի իրականացվում։ Աբրահամյանը 1996 թ-ին նույնպես աղջիկ երեխա է վաճառել, բայց գտնվում է ազատության մեջ»,-ասաց Հայկուհի Խաչատրյանը ու հավելեց, որ իր հասարակական շարժումը աշխատելու է այս ուղությամբ, որպեսզի մանկավաճառության դեպքերը չկրկնվեն։

kotayk

Լրահոս