16 Հունվարի, 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ բողոքը ներկայացնել ՄԻԵԴ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Նա չբացառեց, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։

«Եվրոպական դատարան երրորդ դիմումը, որը մշակման փուլում է, չի բացառվում, որ ներառի քաղբանտարկյալի տարրը: Մի շարք միջազգային կառույցների կողմից տրված սահմանումների մեջ, ներառյալ Եվրոպայի խորհրդի որոշակի սահմանումներում, առկա են «քաղբանտարկյալի» սահմանումը, որի տակ ակնհայտորեն ընկնում է Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Օրբելյանը։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ փաստաբանը նշեց, որ հայկական դատական ատյաններում Քոչարյանի` քաղբանտարկյալ լինելու հարցը չի քննարկվում. «Այստեղ ցույց ենք տալիս իրավական խախտումները և դրանց դեմ բողոքներ ենք ներկայացնում: ՄԻԵԴ դիմելը կախված չէ միայն այսօրվա դատական նիստի արդյունքից, որը իհարկե կարևոր է, բայց հաշվի է առնվելու նաև ընթացքը: Անհրաժեշտ են նաև դատարանի պատճառաբանություններն ու հիմնավորումները»,- ասաց նա։

Պաշտպանը նշեց նաև, որ գործը դիտարկում, քննարկում են և´ Հայաստանում, և´ Հայաստանից դուրս տարբեր իրավաբանների, իրավաբանական կառույցների հետ։

«Այս պահին քննարկումների մեջ ենք ֆրանսիական, ռուսական մի շարք իրավունքի դոկտորների հետ, դիրքորոշումներ են պարզում»,- ասաց Օրբելյանը:

kotayk

Լրահոս