24 Օգոստոսի, 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի քանի ամիս առաջ գնել է Արտաշատի մեխանիկական-փորձարարական գործարանը: Թե ինչ պիտի արտադրի գործարանը՝ պարզել չէր հաջողվել: Խորհրդային տարիներին այն արտադրում էր մետաղական պահեստամասեր և զենքի մասեր:

Ինչպես պարզեցինք՝ այս օրերին հիմնանորոգվող գործարանում օլիգարխը մտադիր է տեքստիլի հումք արտադրել՝ ընդլայնելով տեքստիլի արտադրության իր բիզնեսը: Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի գործարանը, որն օրական մոտ 15 տոննա կտոր է արտադրելու: Սամվել Ալեքսանյանը, բացի այս, գնել է նաև Արտաշատում գտնվող մեկ այլ գործարան՝ տրիկոտաժի ֆաբրիկան, որտեղ էլ տնա­յին տեքստիլ ու սրբիչներ են արտադրելու: Ստացվում է՝ մի գործարանում տեքստիլի հումքն է արտադրելու, մյուսում՝ տեքստի­լը: Մինչ այս օլիգարխը տեքստիլի հումքը ներմուծում էր դրսից՝ Ուզբեկստանից, ՌԴ-ից, Եվրոպայից:

Նշված 2 գործարան­ը, հիշեցնենք, պատկանում էին Հովիկ Աբրահամյանին: Արտաշատում այս օրե­րին լուրեր են շրջում, թե նախկին վարչա­պետը վաճառքի է հանել նաև մեկ այլ՝ Արտաշատի պահածոների գործարանի իր բաժնեմասը (մյուս բաժնետերը նախ­կին գյուղնախարար Սերգո Կարապետ­յանի որդին է): Գնորդը, ըստ շրջանառվող լուրերի, դարձյալ Ալեքսանյանն է: Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկին, որտեղից հայտնեցին, թե անձը, ով իրավասու է պատասխանել այս հարցին, արձակուրդում է՝ եկող շաբաթ կվերադառնա»:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս