mnews

7 Օգոստոսի, 2018

 ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու իրավապահների որոշումը  քաղաքական միտում ունի։ Ըստ ՀՀԿ ներկայացուցչի՝  եթե «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցը փոխում են, ապա դատարանը 45 պատգամավորի երաշխավորությունը հաշվի առնելով՝ պետք է փոխի նաեւ Քոչարյանի խափանման միջոցը։

Պարոն Շարմազանով, Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցը փոխելու ՀՀԿ–ի ստորագրահավաքի քայլի առնչությամբ  մեկնաբանություններ եղան, որ այդպիսով ՀՀԿ–ն ինքնապաշտպանվում է եւ փորձում է կանխել Սերժ Սարգսյանի ուղղությամբ հնարավոր քայլերը։ Ի՞նչ կասեք այս մասին։

Պատգամավորը իրավունք ունի այս կամ այն քաղաքացու, պաշտոնաթող նախագահի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ ստորագրությանը միանալ։ ՀՀԿ–ն երկու հայտարարություն արեց հստակ ու ամբողջական, որ կալանքը իր մեջ պարունակում է քաղաքական միտումներ։ Պետք է լիներ հրապարակային դատաքննություն։ Ես կիսում եմ Դավիթ Շահնազարյանի կարծիքը անաչառ քննություն անցկացնելու՝ միջազգային ներկայացուցիչներից կազմված խմբի ներգրավմամբ, եւ ամեն ինչ հրապարակային, ոչ թե ափալ–թափալ Քոչարյանին կալանավորել։ Ինչ վերաբերում է մեր ինքնապաշտպանությանը, մենք ինքնապաշտպանվում ենք օրենքով, եթե օրենքը չի գործում, գործում է անձնական վրեժխնդրությունը, վենդետան, քաղաքական ճաշակը…

Դուք հայտարարում եք՝ Մարտի 1–ի գործով Քոչարյանին կալանավորելը վենդետա՞ է։

Ես հայտարարում եմ, որ շատ հնարավոր է՝ առկա է անձնական եւ քաղաքական դրդապատճառ։ Կալանավորման հարցն ինձ համար անընդունելի է։ ՀՔԾ պետի հայտարարությունը, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, ուղիղ դատարանի վրա ճնշում է։ Արմեն Գեւորգյանի վրա «Վիկիլիքս»–ի հրապարակման հիման վրա մեղադրանք են առաջադրում, թե  ճնշում է գործել ՍԴ  դատավորի վրա, այնինչ նույն դատավորը հայտարարում է, որ նման բան չի եղել։ Այս ամենից հետո ասում եմ՝ սա ունի քաղաքական պատճառներ։ ՀՔԾ պետը ասում է՝ վտանգ է տեսնում, Քոչարյանը պիտի մնա անազատության մեջ, բայց «Սասնա ծռեր»–ը օրը ցերեկով բանկոմատը ջարդում են, մարդ են խփում, պիտի ազատ արձակվե՞ն, նրանց խափանման միջոցը փոխեն, իսկ պատգամավորների ստորագրության դեպքում՝ ո՞չ։  Ի՞նչ տարբերություն այս գործերի միջեւ։

ՀՔԾ պետը հիմնավորեց նաեւ այն պատճառով, որ Քոչարյանը կարող է իր ազդեցությամբ ճնշում գործադրել եւ խոչընդոտելով քննությանը։  

Ինչ տարբերություն այդ գործերի միջեւ…. «Սասնա ծռեր»–ը վտանգ չեն սպառնո՞ւմ, որ մտնում են բանկոմատը ջարդում են, մարդ են խփում, իրանք պիտի ազատ արձակվեն, նրանց խափանման միջոցը փոխեն, իսկ 45 պատգամավոր, որ ստորագրում են, չպիտի՞ փոխեն Քոչարյանի խափանման միջոցը։ Ինչն են տարբեր գործեր «Սասնա ծռեր»–ի գործողությունը ահաբեկչություն է, եւ ՊՊԾ գունդը գրավելը նույն բանն է, ինչ մտնես ՀՀ զինվորի վրա կրակես, սպանվել է ՀՀ ոստիկանության գնդապետ իր ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչն են տարբեր գործեր։ Քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում։

Դուք քննադատում եք այս իշխանության իրավապահ մարմինների գործողությունները, մինչդեռ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը տասը տարի ժամանակ ուներ Մարտի 1–ի գործը քննելու եւ մեղադրյալներին Ձեր նշած օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկելու, ինչո՞ւ ՀՀկ–ի իշխանությունը դա չարեց։

Մարտի 1–ը հանեք, ես դրա մասին գնահատականներ չեմ տալիս, Մարտի 1 կլինի, Հոկտեմբերի 27 կլինի, ցանկացածի վերաբերյալ պետք է լինի բաց, համակողմանի արդար քննություն, ոչ թե ուղղորդված։ Ես ոչ դատախազ եմ, ոչ դատավոր, որ որոշեմ՝ ով ա մեղավոր։ Ես կրկնում եմ՝ իմ համոզմամբ, Քոչարյանին կալանքի վերցնելու անհրաժեշտություն չկար։ Խոսքը Քոչարյանի մեղավոր լինել–չլինելու մասին չէ, դատարանը պիտի որոշի համակողմանի քննության արդյունքում։ Ես կալանքի միջնորդությունը հիմնավորված չեմ համարում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

kotayk

Լրահոս