26 Մարտի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ՝ երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի կալանքի ժամկետը՝ մերժելով նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Դռնփակ դատական նիստի ընթացքում նախաքննական մարմինը, ըստ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի, պնդել էր, որ ազատության մեջ մնալով նա կխոչընդոտի նախաքննության ընթացքին եւ կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից:

«Սասնա ծռեր» խմբի անդամը լուրջ առողջական խնդիրներ ունի: Պաշտպանի պնդմամբ՝ Արամ Հակոբյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի:

Հիմնադիր խորհրդարանի Շիրակի մարզի մասնաճյուղի ղեկավար Արամ Հակոբյանի առողջական վիճակը սույն թվականի փետրվարին կտրուկ վատացել է եւ նա ուղեղի կաթվածի (ինսուլտ) նախանշաններով, (աջ վերջույթների անկառավարելիություն եւ խոսակցական ֆունկցիայի խանգարում) տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության խախտում:

Ըստ պաշտպանի՝ մեկ օր ներերակային ներարկումներ ստանալով՝ Արամ Հակոբյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ չի ստացել ոչ մի բուժում, այնուհետեւ, մոտ 6 օր անց տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ վերջինս ստացել է ներերակային ներարկումների 2 շաբաթվա կուրս: Ներարկումների կուրսից հետո վիճակը որոշակիորեն լավացել է, սակայն Արամ Հակոբյանի ոչ շարժողական, ոչ խոսակցական ֆունկցիաները լիովին այդպես էլ չեն վերականգնվել:

«Ցանկացած պահի Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս վերջին մեկ ամսվա մեջ հետազոտություն չի իրականացվել: Համապատասխան հետազոտությունների անցկացման կապակցությամբ էլ խորհրդակցում ենք համապատասխան բժիշկների հետ, որ հասկանանք, թե կոնկրետ ինչ հետազոտություններ են անհրաժեշտ: Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ այս պահի դրությամբ չեմ կարող որեւէ բան ասել, պետք է խորհրդակցենք: Քրեակատարողական հիմնարկի պայմաններն անհամատեղելի են նրա առողջական վիճակի հետ»,- ասաց նա:

Այսօր արդեն Արամ Հակոբյանի հարցի հրատապությամբ եւ լրջությամբ պայմանավորված պաշտպանական կողմը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դավիթ Գյուրջյանը, որը պաշտպանել է նաեւ Հաց բերող Արթուր Սարգսյանի շահերը, կարծում է, որ Արամ Հակոբյանի դեպքը նման է Հաց բերողի դեպքին:

Արամ Հակոբյանը երկու վիրահատություն է տարել, որից մեկը գլխուղեղում ուռուցքի հեռացումն է եղել դեռեւս 2014-ին:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ փոխանցեց, որ Արամ Հակոբյանի մոտ, ըստ հետազոտությունների, սուր օջախային փոփոխություններ չեն արձանագրվել: Նա ստացել է սիմպտոմատիկ եւ թերապեւտիկ բուժումներ, խորհուրդ է տրվել ամբուլատոր հսկողություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս