8 Սեպտեմբերի, 2020
 Վերջերս MAMUL.am-ը հրապարակել էր նյութեր (12), որոնցում քաղաքացիներն ահազանգում էին vivarobet-ի կողմից «ՀաջողԱկ» խաղարկության ընթացքում անօրինականությունների՝ մեքենայի շահում արձանագրելու և շահումը չհանձնելու մասին։

Նյութերի հրապարակումից հետո խմբագրությունը ստանում է նոր ահազանգեր, որոնք վերաբերում են այս ընկերության կողմից կատարվող այլ չարաշահումների։

Հատկանշական է, որ ահազանգերի մեծ մասը վերաբերում են դրամական շահումներին․ ընկերությունը բառացիորեն չի տրամադրում շահած գումարը, ավելին՝ զրոյացնում է շահումի գումարը և միևնույն բառապաշարով պատասխանում, որ տեղի է ունեցել «տեխնիկական խոտան»։

Քաղաքացիներին շորթելու ամենատարօրինակ դեպքերից մեկը տեղի է ունեցել վերջերս՝ քաղաքացի Արթուր Թումանյանի հետ։ Վերջինը vivarobet-ի խաղարկություններում շահել է 4 միլիոն դրամ։ Ընկերությունը հրաժարվել է հանձնել՝ կրկին պատճառաբանելով «տեխնիկական խոտանով»։ Արթուրը դիմել է ընկերության իրավաբանին՝ Էդգար (ազգանունը ճշտել չհաջողվեց․ ընկերությունը խուսափում է անգամ իրավաբանի տվյալները տրամադրել) և Դավիթ Սերոբյանին։ Վերջիններն սկսել են իրարամերժ պատճառաբանություններ ներկայացնել՝ «․․․ ուրիշ թվեր պետք է դուրս գային ․․․», «․․․․ գեներատորն է փչացել․․․», «․․. բուքմեյքերներն այդ ժամանակ եղել են ցուցահանդեսում և համակարգիչները կախել են․․․»։ Նկատելով, որ պատճառաբանումները չեն բավարարում քաղաքացուն, ի վերջո, նշել են, թե «․․․ vivaro-ի սեփականատեր Վիգեն Բադալյանն ասել է, որ գումարը չտրվի․․․ ինչ ուզում է թող անի․․․ ում ուզում է թող ասի․․․ մեր մեջքը պինդ է․․․»։ Ավելին, այդ ընթացքում, ընկերությունը զրոյացնում է քաղաքացու հաշիվը, որին հենց ընկերությունն էլ փոխանցել էր 4 միլիոն դրամ շահումը։

Անելանելի դրությունից դրդված՝ քաղաքացին դիմել է իրավապաշտպանի և հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ անձնական հաշվից գումար շորթելու մեղադրանքով։ Դատախազությունը հարուցել է քրեական գործ։ Նշանակվում է դատաքննություն և առանց քաղաքացու և իրավապաշտպանի մասնակցության, գործը կարճվում է և պարզաբանվում, որ մեկամսյա ժամկետում կնշանակվի ընկերության և քաղաքացու առերեսում՝ խնդիրը բանավոր կարգով լուծելու համար։

Անցել են ամիսներ, սակայն քաղաքացու և ընկերության առերեսում տեղի չի ունեցել, իսկ ընկերությանն սեփականատեր Վիգեն Բադալյանը շարունակում է չպատասխանել քաղաքացու և նրա իրավապաշտպանի զանգերին՝ պատճառաբանելով, որ «․․․ ինքն ավելի կարևոր գործեր ունի․․․»։

Հիշեցնենք, որ vivaro-ի սեփականատեր Վիգեն Բադալյան անունը կապվում է ԱԺ սկանդալային միջադեպերում անընդհատ ներգրավված փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ, ով 2018 թվականին հայտարարեց, որ vivaro-ի տեր Վիգեն Բադալյանն իր ընկերն է։ Ավելին, օրեր առաջ մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ վերջերս Ալեն Սիմոնյանը ձեռք է բերել գերթանկարժեք բնակարան և ավտոմեքենա և որ դա նույն անձի՝ vivaro-ի սեփականատեր Վիգեն Բադալյանի նվերն է։

«Սեփականատեր Վիգեն Բադալյանն ասել է՝ գումարը չտալ․ մեր մեջքը պինդ է»․ #vivarobet-ը հրաժարվում է քաղաքացուն հանձնել 4 միլիոն դրամ շահումը…:
Mamul.am
kotayk

Լրահոս