17 Սեպտեմբերի, 2019

Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից, ինչպես ասում են «с музыкой». Թավշյա հեղափոխության գրեթե մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ հրաճարականներ են եղել, բազմաթիվ պաշտոնանկություններ, բայց առանց բացառության բոլոր դեպքերում հրաժարական ներկայացնողները հրաժեշտից առաջ չեն մոռացել իրենց երախտագիտությունը հայտնել «կուսակցությանն ու կառավարությանը» բարձր վստահության, հեղափոխության իդեալների աներկբա հաղթանակի և վարչապետի տիեզերական իմաստնության վերաբերյալ:

Վանեցյանի հրաժարականը արմատականորեն դուրս է այս տրամաբանությունից: Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենաառանցքային դեմքերից մեկը հրաժարական է ներկայացնում «Կա՛նգ առ» կոչով: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում փորձեց «լղոզել» համար մեկ ուժայինի հրաժարականի պատճառները, նրան գործուղելով ֆուտբոլի զարգացման խոտոր հեռաստաններ, Վանեցյանն իր հայտարարությամբ շատ հարցերի պատասխաններ տվեց: Մասնավորապես նա հայտարարել է, որ «որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում» և որ դա հակասում է պետականաշինության վերաբերյալ իր պատկերացումներին:

Հասկանալի է, որ Վանեցյանն ադպիսով գնահատական չի տալիս Սոմալիի դեպքերին կամ նավթի շուկայի բորսայական տատանումներին: Նրա խոսքերը բառացիորեն ուղղված են այն թիմին, որն այսօր Հայաստանում զբաղված է «պետականաշինությամբ»: Ավելին, այն ինչով այս ժամանակահատվածում զբաղված էր Ազգային անվտանգության ծառայությունը, գրեթե կապ չուներ այդ ծառայության հիմնական գործառույթների հետ և, ըստ Վանեցյանի, «ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ»:

Սա Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ամենաօբյեկտիվ գնահատականն է, որ տալիս է ոչ թե ինչ-որ քաղաքագետ, քաղաքական թիմ կամ օպոնենտ, այլ այդ կառավարության ամենաառանցքային դեմքը, առանց որի ոչինչ տեղի չի ունեցել հետհեղափոխական հայաստանում: Դժվար թե Վանեցյանը այսքանից ավելի բացի փակագծերը, բայց որ այս հրաժարականը լրջագույն փոփոխությունների և նոր բացահայտումների սկիզբ է լինելու, գրեթե երաշխավորված է: Զարգացող ներքաղաքական իրադարձություններին արդեն չեն կարող խոչնդոտել ոչ սկանդալային ձերբակալությունները, ոչ հեղափոխական ձեռքբերումների հերթական հարյուրյակները, ոչ էլ ոչխարաբուծության վերաբերյալ ուղւղ եթերները:

Վանեցյանը բացեց «Պանդորայի արկղը»:

 

kotayk

Լրահոս