9 Մարտի, 2017

 Իհարկե, ասել, թե հանրապետությունում որևիցե ընտրատարածք զերծ է դատապարտելի ու անհանդուրժելի երևույթներից, ցավոք, ոչ մի կերպ չենք կարող, բայց այն, ինչ կատարվում է հատկապես մարզերում, ուղղակի աննկարագրելի է:

Այսպես՝ պարզվում է՝ Գեղարքունիքի մարզում նախընտրական կրքերը չափազանց ինքնատիպ դրսևորումներ են հետզհետե սկսում ստանալ, ու թեկնածուները կամ դրանց սատարող պաշտոնյաները, կանգ չառնելով ոչնչի առաջ, անում են իրենցից կախված ամեն բան, հնարավորն ու անհնարինը՝ ապրիլի 2-ին պարտված չհռչակվելու համար….

ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Կարեն Բոթոյանը,  Mnews.am-ի հետ զրույցում պնդեց, որ խորհրդարանական ընտրություններին սպասվող մրցապայքարում՝ ամեն ինչ անելու են որպեսզի ընտրութունները անցնեն հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում: Հարցին, թե  համաձա՞յն է հնչող այն տեսակետների հետ, որ ռեյտինգային ընտրապայքարում կհաղթի նա՝ ով ուժեղ է, Բոթոյանը  հակադարձեց հետեւյալ կերպ.

– Գիտեք այդ ուժեղ ասվածը՝ շատ հարաբերական է…                                          Ուժեղ է այն մարդը, ով կարողանում է թույլին օգնել: Այսինքն մենք պարտավոր ենք մեր ազգի մասին մտածել: Գուցե շատերին շատ հարմար է երկիրը լքել՝ թողնել ու հեռանալ. և դրա հնարավորություններն էլ՝ ունենք բոլորս: Բայց դա հարցի լուծում չէ. մենք պիտի պայքարենք նաեւ մեր ժողովորդի վաղվա օրվա համար:

– Պարոն Բոթոյան, նախորդ ընտրություններին ընդառաջ, հանրությանը ներկայացել էիք համակարգված ծրագրերով: Ծրագրերի ո՞ր մասն եք հասցրել իրականացնել:

-Եթե քաղաքական գործունեություն ես իրականացնում, քաղաքականության մեջ ես, ուրեմն պետք է ունենաս շարունակական ծրագրեր, որոնք ամեն օր պետք է իրականացնես: Եթե անկեղծ ապա, չեմ սիրում հաշվել, թե քանի ծրագիր եմ իրականացրել, քանիսն են մնացել ու դրանով եզրափակվեմ, համարելով իմ գործն ավարտված: Ես ունեմ հստակ նախագծեր, որոնք քաջ գիտակցում եմ, որ լուծման կարիք ունեն: Ես ձեռքերիս վրա չեմ հաշվում ծրագրերի թվերը ու նաև չեմ սիրում անընդհատ դրանց մասին խոսել, բարձրաձայնել, թե ինչ եմ արել և այլն: Ուղղակի իմ խղճի առաջ արդար լինելու համար, ես անում եմ այն ինչ պլանավորում եմ ու ինչի անհրաժեշտությունը կա:

-Տեղյակ ենք, որ բացի բյուջեով նախատեսված աշխատանքներից, նաև իրականացրել եք անձնական ներդրումներով մի շարք բարեգործություններ, որոնց մասին համեստորեն լռում եք. մի փոքր կբացեք փակագծերը:

-(Ժպտում է) Մինչև այսօր եթե լռել եմ, չեմ խոսել, ապա այսօր էլ չեմ խոսելու: Չեմ կարծում, որ ցանկալի  է նախընտրական այս շրջանում խոսել արված գործերի մասին, դա ինձ համար խորթ երեւույթ է: Ինչպես արդեն նշեցի, ես չեմ սիրում անընդհատ խոսել արված գործերի մասին՝ դրա գնահատականը տալիս է ինձ ձայն տվող յուրաքանչյուր քաղաքացին, որի արդյունքը ինքն արդեն զգացել է: Ապագայի մասին խոսելն ավելի իրատեսական է…

– Ինչպիսի՞ քաղաքական որակներ եք ձեռք բերել պրակտիկայում, չէ ո՞ր քաղաքականության մեջ անհատը օրեցօր էլ ավելի է թրծվում:

-Դրա մասին երևի պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր իմ շրջապատում են ու նկատել են այդ ամենը: Ես աշխատում եմ լինել այնպիսին ինչպիսին միշտ եմ եղել, անգամ քաղաքականությունը ինձ չի կարող փոխել՝ որակ ավելացնել կամ պակասեցնել:

– Շուտով կայանալիք ԱԺ ընտրություններին առաջադրվել եք ռեյտինգային ցուցակով և լինելով գործող պատգամավոր, ով կատարել է իր առջև դրված ծրագրերը, ի՞նչն է նպաստում ևս մեկ անգամ առաջադրվելուն:

-Իմ ժողովրդի հոգսերը հոգալը, դրանք տեղ հասցնելը, դրանց լուծումներ գտնելն է ստիպում, որ նորից առաջադրեմ իմ թեկնածությունը, այլ նպատակներ չունեմ:

-Ցուցակում տեսնու՞մ եք Ձեզ մրցակից թեկնածուների և ինչպիսի՞ հարաբերություններ ունեք նրանց հետ:

-(Ժպտում է) Ես բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, կարճ կցանկանայի պատասխանել՝ ես առաջադրել եմ իմ թեկնածությունը, մնացածը կորոշի ընտրող-քաղաքացին, այլ բաներ ասել, ավելորդ խոսելն անիմաստ եմ համարում:

ԱԺ պատգամավորի թեկնածու Կարեն Բոթոյանն  ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում ակտիվորեն շփվելու է ընտրողների հետ։ «Մենք վճռական ենք տրամադրված և գնում ենք հաղթանակի։ Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, մեր բնակիչների հետ, սիրով ու պատասխանատվությամբ աշխատենք և հաստատ հասնելու ենք լուրջ հաջողությունների»,- իր խոսքում նշեց պարոն Բոթոյանը ։

– Կներկայացնե՞իք Ձեր նախընտրական գաղափարախոսություններն ու մտքերը, որոնցով ևս մեկ անգամ պետք է հանդես գաք քարոզարշավում:

-Քարոզարշավի մեկնարկի ժամանակ մեր նախընտրական գաղափարախոսություններին կծանոթացնենք, ես չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել: Առաջիկա օրերին ամեն ինչ ավելի պարզ ու հստակ կլինի:

– Ո՞րն է Ձեր կարգախոսը թե՛ կյանքում, թե՛ քաղաքական կյանքում: 

-Մեկ անգամ արդեն ասել եմ, հիմա էլ կկրկնեմ, որ կարգախոսներով չեմ ապրում, ինձ համար գլխավորը մարդ լինելն է, մնացածն արդեն քո կյանքի իրավիճակից է կախված:

– Այսօր ինչպիսի՞ խնդիրներն եք համարում Գեղարքունիքի մարզում հրատապ լուծելի և ո՞րքանով եք աջակից լինելու դրանց լուծմանը:

-Ցանկացած խնդիր արդեն հրատապություն է պահանջում, ցանկացած հարց իր լուծումն ունի: Մենք առաջիկայում անելու ենք ամեն ինչ մեր ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար: Մեր գլխավոր նպատակը առաջընթաց ապահովելն է, որն էլ անելու ենք համատեղ ուժերով:

-Պարոն Բոթոյան, հասարակության մեջ կարծիք կա, որ այս ընտրությունները վճռորոշ են լինելու մեր երկրի ապագայի համար: 

-Ես համաձայն եմ Ձեր այն մտքի հետ, որ այս ընտրությունները վճռորոշ են լինելու երկրի ապագայի համար: Բայց ամենակարևորը, ինչ են տալու այս ընտրությունները մեր համաքաղաքացիներին, կփոխվի՞ արդյոք երկրի քաղաքական և տնտեսական վիճակը: Շատ կարևոր է, որ նոր խորհրդարանի քաղաքական համակարգը կառուցվի այնպես, որ լինի կանխատեսելի ու արդյունավետ, որպեսզի մեր ընտրողները նոր խորհրդարանում տեսնեն իրենց վստահության քվեն ներկայացնող պատգամավորների:

– Ինչպիսի՞ն եք տեսնում նոր խորհրդարանը:

-Քաղաքական նոր իրավիճակով պայմանավորված, նոր խորհրդարանը պետք է լինի մեր պետության և ժողովրդի խնդիրները լուծող կառույց: Կարծում եմ, որ Ազգային ժողովում կհայտնվեն մարդիկ, ովքեր իսկապես ընդունելի կլինեն մեր քաղաքացիների կողմից և ի վիճակի կլինեն երկրի քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման պատասխանատվությունը վերցնելու իրենց վրա, քանի որ էապես բարձրանում է պատգամավորի աշխատանքի պատասխանատվությունը:

Լուրեր կան , որ հատկապես Գեղարքունիքի մարզում արդեն ընտրակաշառքի լուրջ թվերի մասին են խոսում: Իշխող կուսակցության համար աշխատողները տնետուն են մտնում եւ մեկ ձայնի համար առաջարկում մինչեւ 30 հազար դրամ:

-Ես նման տեղեկություն չունեմ, հավաստի չեն լուրերը:

-Ինչպիսի՞ն է Կարեն Բոթոյանն աշխատանքից դուրս:

-Լավ կլինի, որ այդ հարցն ուղղեք իմ ընկերներին, ընտանիքի անդամներին, եթե ունենում եմ ազատ ժամանակ հաստատ անցկացնում եմ ընկերներիս և  ընտանիքիս հետ և լինում  հրաշք երեխաներիս կողքին…

Համարում եմ, որ պետական պաշտոնյայի ընտանիքը, առավել ևս, պետք է լինի օրինակելի:

Պարո՛ն Բոթոյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ցանկանում ենք  Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ…

 Հարցազրույցը՝ Լիլիթ Խաչատրյանի

kotayk

Լրահոս