12 Հուլիսի, 2018

Հայաստանի մարտահրավերներից է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի առավոտյան Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, և այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չի ուղղված, դա նաև ագրեսիայի է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ ակնկալում է կառուցողական քննարկումներ և զրույցներ՝ անվտանգության օրակարգի շուրջ։

Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպման ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց․ «Ցավոք սրտի, վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից ես տեսնում էի լարվածության աճ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»։

«Ես կցանկանայի շեշտել, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ ոչ միայն հարձակում է Հայաստանի դեմ, այլ նաև հարձակում է ժողովրդավարության դեմ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, և որքան հասկանում եմ՝ նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան»,-շեշտեց Հայաստանի վարչապետը:

«Եվ ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին, որ մեր տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձ, պատերազմ սկսելու ցանկացած փորձ ուժեղ հակազդեցության կարժանանա միջազգային հանրության կողմից», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ Ազատություն

 

 

kotayk

Լրահոս