3 Մայիսի, 2017

Փաստաբանների ծեծի գործով Սիմոն Բաբայանը դիմել է գլխավոր դատախազին: Դիմումը ներկայացնում ենք ստորև.

 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ՝ պարոն Արթուր Դավթյանին

Փաստաբան Սիմոն Ալբերտի Բաբայանից

հասցե՝ ք.Երևան, Շինարարների 15/1 շենք, բն. 89 03.05.2017 թ.

ՀԱՂՈՐԴՈՒՄ

Հարգելի պարոն Դավթյան «Ժամանակ» օրաթերթի 2017 թ. մայիսի 2-ի համարի 6-րդ էջում հրապարակվել է հոդված՝ «Փաստաբան Աթանեսյանին $50,000 են առաջարկել «թեման փակելու համար»» վերտառությամբ: Հոդվածում Տիգրան Աթանեսյանն օրաթերթի հետ իր զրույցում, մասնավորապես, հայտնում է, որ իրեն՝ Տիգրան Աթանեսյանին ոչ ուղղակիորեն 50 հազար դոլար են առաջարկել նախօրեին իրենց վրա կատարված հարձակման գործը «փակելու» և պատմությունը մոռանալու համար: Մասնավորապես, ինչպես նշում է Տիգրան Աթանեսյանը. «Դեպքից հետո շատ պատահական վայրում շատ «պատահական» անձի կողմից եղավ այդ առաջարկը, ինչը ես պատահականություն չեմ համարում: Ես առհասարակ պատահականություններին չեմ հավատում: Սակայն բոլոր այդ առաջարկները և գաղափարները տեղում մերժվեցին: Դրանք ինձ համար անընդունելի են:»: Հատկանշական է, որ դեռևս 28.04.2017թ. ֆեյսբուքյան իր էջում Տիգրան Աթանեսյանը կատարել է նույնաբովանդակ գրառում՝ նշելով. «50 հազար դոլար առաջարկ)))))) մեռեք տականքներ, հոգի ծախողը դուք եք։»: Տիգրան Աթանեսյանի կողմից եղել են նույնաբովանդակ նաև այլ հրապարակային հայտարարություններ: Նշված դեպքի առնչությամբ, ինչպես հայտնի է, 28.04.2017թ. հարուցվել են քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, քրեական գործի շրջանակներում ես, ի թիվս այլոց, ճանաչվել եմ տուժող: Քրեական գործի քննության ընթացքում Տիգրան Աթանեսյանի կողմից հրապարակային կարգով ներկայացված այս տեղեկությունները առհասարակ չեն համապատասխանում իրականությանը: Տիգրանը փորձում է մանիպուլացիայի ենթարկել քննությունը, շեղել քննությանը այլ ուղղությամբ և նման մեթոդներով հասնել իր համար ցանկալի «արդյունքի»: Նշված հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի վերջինս սրանով ըստ էության կատարել է սուտ մատնություն, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 333 հոդվածով, քանի որ ակնհայտ կեղծ տեղեկություններ է հրապարակել՝ ակնարկելով, որ 50000 ԱՄՆ դոլար գումար են առաջարկել, որպես ապօրինի վարձատրություն ցուցմունք չտալու կամ սուտ ցուցմունք տալու համար: Այսինքն Տ.Աթանեսյանը հանցագործության մասին կատարել է մատնություն: Նշված հրապարակումը պակաս հանրավտանգ չէ ի համեմատ, եթե Տիգրանը նման բովանդակության գրություն ուղարկեր իրավապահ մարմինների: Նույնիսկ ներկա արարքը, ավելի հանրավտանգ է քանի, որ իրավապահ մարմիններից բացի հասու է հասարակության լայն շերտերին իսկ Տիգրանը իր նեղ անձնական շահերով պայմանավորված փորձում է մանիպուլյացիայի ենթարկել թե իրավապահ մարմիններին թե հասարակությանը: Ի դեպ, պատահական չէ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ԶԼՄ-ով հանցագործության մասին հրապարակումը, նախատեսված է որպես քրեական գործ հարուցելու ինքնուրույն առիթ: Բացի այդ լիովին տրամաբանական է այն պնդումը, որ Տիգրան Աթանեսյանը ինձանից կամ մեզանից նշված հրապարակմամբ անուղղակիորեն պահանջում են այդ չափի գումար իր բանսարկությունները դադարեցնելու համար: Այսինքն Տիգրանը կատարում է շորթում, փորձելով այդ եղանակով կատարել հափշտակություն 50000 ԱՄՆ դոլարի չափով:

Ելնելով վերոգրյալից, և հաշվի առնելով, որ նշված հանգամանքների վերաբերյալ առնվազն պետք է կատարվի քննություն խնդրում եմ հարուցել քրեկան գործ ՀՀ քր. օրի 333 և 182-րդ հոդվածների հատկանիշներով: Առդիր՝ 1. «Ժամանակ» օրաթերթի 2017 թ. մայիսի 2-ի համարի 6-րդ էջում բերված նյութի քաղվածքը. 2. Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջի քաղվածքը:

Դիմող՝ Սիմոն Բաբայան 

kotayk

Լրահոս