22 Ապրիլի, 2020
«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը ստիպում է պետությունների կառավարություններին վերանայումներ կատարել իրենց կողմից վարվող տնտեսական քաղաքականության մեջ։

Կիրառվող սահմանափակումների պատճառով համաշխարհային տնտեսությունը շարունակում է լուրջ վնասներ կրել։ Դրանով պայմանավորված՝ վերլուծություններ են արվում, թե համաշխարհային տնտեսական անկումը լինելու է ծանրագույնը՝ 1930-ական թվականների Մեծ լճացման տարիներից ի վեր:

Ըստ տարբեր վերլուծությունների՝ համաշխարհային տնտեսությունը կարող է լիարժեք չվերականգնվել անգամ 2021 թվականի վերջին:

Եվ պատահական չէ, որ միջազգային ֆինանսական կառույցները արդեն իսկ վերանայում են 2020 թվականի աճի տեմպերի վերաբերյալ իրենց կանխատեսումները։

Այսպես, ըստ Ասիական զարգացման բանկի կանխատեսումների, Հայաստանը 2020-ը կամփոփի 2,2 տոկոս տնտեսական աճով, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանը կունենա 1,7 տոկոս տնտեսական աճ, սակայն Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականն այլ է՝ Հայաստանում 1,5 տոկոս անկում է կանխատեսվում։

Նշված կանխատեսումներից որն է ավելի հավանական, այս պահին դժվար է ասել, քանի որ տնտեսությունն անկման փուլի մեջ է, իսկ թե երբ կսկսվի տնտեսության վերականգնումը, դեռևս դժվար է ասել։

Այս տարվա ՀՀ պետական բյուջեի համաձայն՝ 2020-ին Հայաստանը պետք է արձանագրեր 4,9 տոկոս տնտեսական աճ։ Եվ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ստեղծված այս իրավիճակում և արտակարգ դրության պայմաններում կառավարության ներկայացուցիչները դեռևս չեն շտապում տնտեսական անկման կոնկրետ ցուցանիշներ հրապարակել, սակայն նշում են, որ ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները զգալիորեն ցածր կլինեն ավելի վաղ նախատեսվածից։

Մասնագետները ևս փաստում են, թե այս տարվա համար նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճը իրատեսական չէ, և, հաշվի առնելով տնտեսության վրա եղած ճնշումը, տնտեսական աճի անկումն անխուսափելի է։

Սակայն թե անկման կոնկրետ ինչ ցուցանիշներ կգրանցվեն, կախված է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ուղեգծից։

Ճիշտ է՝ կառավարությունը կամաց-կամաց թույլատրում է որոշակի տնտեսական գործունեության տեսակներ, սակայն դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե անկումն ինչքան կշարունակվի և որ կետից կսկսվի վերականգնման փուլը։

Ամենապրոբլեմատիկն այն է, որ բիզնես գործունեության որոշակի ուղղություններ ուղղակի կարող են կանգնել սնանկացման վտանգի առաջ, երբ նույնիսկ կառավարության կողմից տրամադրված բիզնես վարկերը նրանց չօգնեն ոտքի կանգնել։
Դրա փոխարեն կարելի է ծանրության կենտրոնը տեղափոխել այն ճյուղերի վրա, որոնց նկատմամբ պահանջարկը ոչ միայն չի նվազի, այլև կավելանա։ Օրինակ՝ գյուղատնտեսության խթանման միջոցով կարելի է փոխհատուցել այն վնասները, որ երկիրը կրել է զբոսաշրջության ոլորտի անկումից։

Վերանայումներ են սպասվում նաև պետական բյուջեի կառուցվածքում։ Ըստ ամենայնի՝ բյուջեի ծախսային մասը կթողնվի նույնը, իսկ եկամուտների մասով կրճատումներ կլինեն, քանի որ կանխատեսվում է, որ հարկային մուտքերի նվազումներ կլինեն, ինչպես նաև դեռ հարցական է՝ տնտեսվարողները որքանով են կարողանալու մարել կառավարության տրամադրած վարկերը։

Ըստ էության, բյուջեի եկամուտների կրճատումը ենթադրում է, որ բյուջեի դեֆիցիտն ավելի կմեծանա իր նախանշված չափաքանակից։ Եվ պետությունն այս դեպքում պետք է ուղիներ փնտրի, թե ինչ աղբյուրներից ֆինանսավորի դեֆիցիտը։ Շատ հավանական է, որ կառավարությունը դիմի միջազգային կառույցների օգնությանը՝ իր ուսերին վերցնելով նոր վարկային բեռ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

kotayk

Լրահոս