22 Հուլիսի, 2020

«Փաստ» թերթը գրում է.

«Երբ սահմանին անհանգիստ է, երբ թշնամին պատերազմ է հրահրում, բնական է յուրաքանչյուրիս ցանկությունը՝ ներսում ունենալ միասնականություն, հաշտություն, հանդուրժողականություն:

Թե՛ նախկինում, թե՛ վերջին օրերին մենք կարողացանք ապացուցել, որ հենց այդպես էլ կա: Մեծամասամբ: Բայց ոչ ամբողջությամբ: Ցավոք, առանձին դեպքերում հնարավոր չեղավ խուսափել ներքին ատելություն ու թշնամանք հրահրելու փորձերից:

Ու շատ ավելի ցավալի է, որ ներքին օրակարգ առաջ բերող, ներքին թշնամիներ, «ներքին թուրքեր», դավաճաններ փնտրողների մեջ հիմնականում իշխանության մի քանի ներկայացուցիչներ ու, առավել եւս, իշխանամերձ որոշակի անհատներ էին:

Օրինակ՝ ինչպես կարելի է բացատրել, որ պատգամավորը կարող է սպառնալ գլուխների վրայով անցնել, ատամներ ջարդել՝ հայ լինի, թե եզդի:

Կամ՝ մեկ ուրիշը համարում է, որ «ներքին թշնամին» ավելի վտանգավոր է, քան արտաքինը: Երրորդը Ալիեւի սանձարձակությունների մեջ… ներհայաստանյան հետք է փնտրում: Չորրորդը ներսում խրամատներ է փնտրում ու պատրաստվում հերոսաբար «քանդել» դրանք:

Իրականում նմանները, որոնք, որպես կանոն ներկայանում են որպես «հեղափոխության» ավելի մեծ պաշտպաններ, քան հենց Նիկոլ Փաշինյանը, ամենամեծ «արջի ծառայությունն» են մատուցում հենց Նիկոլ Փաշինյանին եւ օրվա իշխանություններին ընդհանրապես:

Ոչ մի ընդդիմություն չի կարող այնքան մեծ վնաս հասցնել իշխանություններին ու նրանց վարկանիշին, որքան իրենց հավատարմությունն ապացուցելու ճանապարհին որեւէ արժեքի, որեւէ սրբության, որեւէ «կարմիր գծի» առջեւ կանգ չառնողները՝ իշխանության միջից լինի, թե «կողքերից»:

kotayk

Լրահոս