11 Դեկտեմբերի, 2018
«Փաստ» թերթը գրում է.

«Մեծ հաշվով հեղափոխությունը նոր է սկսվում՝ իր տնտեսական, մշակութային, ընդհանրապես համակարգային խորքային անելիքները հաշվի առնելով:

Հենց այս կոնտեքստում առավել կարեւոր է ոչ թե այն հարցը, թե ովքեր կլինեն իշխող թիմի պատգամավորները ԱԺ-ում, ով կդառնա ԱԺ նախագահ, խմբակցության ղեկավար, ովքեր կգլխավորեն հանձնաժողովները, այլ թե ովքեր կլինեն նոր կառավարությունում:

Հիմա, երբ իշխանության երկու հիմնական թեւերում իշխող թիմը ունի լիակատար գործողությունների ազատություն, առանցքային է հասկանալ, թե կադրերի ինչ վերաբաշխում կարվի:

Հասկանալի է, որ հեղափոխական արդյունավետ փոփոխությունների հիմնական բեռը ընկած է լինելու հենց գործադիր իշխանության ու վարչապետ Փաշինյանի վրա: Այդպիսին է քաղաքական համակարգը՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Նախ խորհրդարանն ինքնին թե՛ պատմական իներցիայով, թե՛ պահի օրինաչափությունները հաշվի առնելով, այժմ չունի այնպիսի դերակատարություն, որպեսզի դառնա փոփոխությունների լոկոմոտիվ: Երկրորդ՝ հասարակության հիմնական սպասելիքները հենց Փաշինյանից ու նրա կառավարությունից են լինելու, հետո նոր խորհրդարանից:

Ռեյտինգային ընտրակարգն այս իմաստով ստեղծում է որոշակի արհեստական բարդություններ, արհեստական մրցակցություն թիմի ներսում: Պարզ է, որ մի դեպքում այդ ընտրակարգով շատ ձայներ հավաքած որեւէ թեկնածու կարող է ավելի արդյունավետ լինել ԱԺ-ում, եւ ընդհակառակը՝ անարդյունավետ գործադիրում:

Հետեւաբար, հույս ունենք, որ ռեյտինգային ընտրակարգով ձայների համամասնությունը չի դառնա ներիշխանական սակարկումների առարկա, ու կադրերի վերաբաշխումը ԱԺ-ի եւ կառավարության միջեւ կարվի ոչ թե ձայների համեմատությամբ, այլ ըստ կոմպետենտության:

Այս իմաստով, ընդհանրապես, կենսական է, որ կառավարությունը՝ որպես փոփոխությունների հիմնական առանցք, չդառնա սակարկումների թիրախ: Չի բացառվում, որ թե՛ իշխանության թիմում, թե՛ այդ թիմից դուրս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր, օրինակ, չեն մասնակցել ընտրությունների, կամ մասնակցել, բայց ստացել են քիչ ձայներ, սակայն ռեֆորմների իրականացման գործում ունեն փորձ կամ գիտելիքներ:

Ի վերջո, եթե, Աստված մի արասցե, հեղափոխական իշխանությունը ձախողի, ապա հասարակության հարցուպատասխանը լինելու է Նիկոլ Փաշինյանի, ոչ թե «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ու դրա ներկայացուցիչների հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս