8 Հունիսի, 2019

«Փաստ» թերթը գրում է․

«Երկրում լուրջ իրավիճակ է փոխվել։ Համենայն դեպս, հասարակությունն այլևս «հալած յուղի» տեղ չի ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանցից որոշներն անգամ դառնում են հումորի ու հեգնանքի առարկա։ «Սևազգեստավորների» մասին Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարությունն այս շարքից է, ու բացարձակապես անհասկանալի է, թե ինչ հիմքերով ու առթիվ վարչապետը հնչեցրեց այս հայտարարությունը։

Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի շատ հայտարարություններ անակնկալ են լինում ոչ միայն հասարակության, այլ նաև ուժային, իրավապահ մարմինների ղեկավարների, ինչու չէ՝ իր մյուս թիմակիցներից շատերի համար, որոնք հետո փորձում են մի կերպ դուրս գալ ոչ ստանդարտ հանձնարարությունների տակից։

Հեշտությամբ կարող եմ հիշել մի քանի նման դրվագներ։ Օրինակ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց հակահեղափոխական ինչ-որ ռևանշի մասին ու հանձնարարեց՝ օլիգարխներին «պառկեցնել ասֆալտին»։ Նախ՝ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ռևանշիզմի դրսևորում չի կարող համարվել այն հանգամանքը, որ իշխանությանն ընդդիմադիր ուժերը մասնակցում են նախընտրական կամպանիային ու քննադատական խոսք են հնչեցնում կառավարության կամ նրա կողմից սատարվող թեկնածուի հասցեին։ Սա նորմալ է, այդպես է ամբողջ աշխարհում, սակայն անհասկանալի մնաց, թե ինչպե՞ս իրավապահ մարմինները պետք է «ասֆալտին պառկեցնեին» մարդկանց, ովքեր հանցագործություն չեն կատարել, այսինքն՝ ո՞րն էր լինելու նման «հատուկ» օպերացիայի մոտիվը:

Նիկոլ Փաշինյանը, կամա, թե ակամա, արժեզրկում է «օպերատիվ տվյալ» հասկացությունը։ Նախ՝ որպես կանոն, դրա մասին չեն բարձրաձայնում, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան առանց ավելորդ աղմուկի իրականացնել իրենց գործառույթները, հետո՝ եթե իսկապես կան «օպերատիվ տվյալներ», ապա ինչո՞ւ են իրավապահ մարմինների ղեկավարներն այդքան շվարած ու անօգնական արձագանքում Նիկոլ Փաշինյանի ամեն հերթական հանձնարարությանը։

Պատահական չէ, որ իրավապահ մարմիններն այնքան շփոթ վիճակում էին հայտնվել, որ ոչ ստանդարտ հանձնարարությունը կատարում էին կրկնվող «գոլդ» համարներ ունեցող մեքենաների վարորդներին «ասֆալտին պառկեցնելով»։

Կամ՝ խորհրդարանական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարեց զբաղվել ընդդիմադիր որոշ շրջանակների «դավադիր» գործունեությամբ, ինչի հետևանքով որևէ լուրջ դավադրություն կամ հանցագործություն չբացահայտվեց, իսկ ընդդիմադիր ուժերից մեկը բարձրաձայնեց, որ իշխանությունը ճնշում է գործադրում իր վրա՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։

Լավ, այս դեպքում օրինաչափ հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանդես գալիս նման հայտարարություններով ու նախաձեռնություններով, որոնք, մեղմ ասած, չեն արժանանում անգամ հասարակության միանշանակ աջակցությանը։ Պատճառները թերևս ակնհայտ են։

Անցած մեկ տարվա ընթացքում կառավարությանը չի հաջողվել ռացիոնալ որևէ ծրագիր իրականացնել, բարելավել մարդկանց կյանքի որակը:

Տնտեսության աճի կամ ակտիվության մասին թվերը հիմնականում վիճակագրական աճպարարության հետևանք են ու որևէ առնչություն չունեն իրական կյանքի, հասարակ մահկանացուների ամենօրյա դարդ ու ցավի հետ։ Խոստացված ներդրումային բումը տեղի չունեցավ, չնայած այն հանգամանքին, որ «ատելի» խորհրդարանը կես տարուց ավելի լուծարված է, իսկ իշխանությունը մոնոլիտ է առավել, քան երբևէ։ Ասվում էր՝ հեղափոխությունից հետո սփյուռքի մեր հայրենակիցները գլխապատառ շտապելու են Հայաստան, սակայն շարունակվում է արտագաղթը, ընդ որում՝ գրեթե նույն տեմպերով։

Այս իրավիճակում շոուները մնացել են միակ միջոցը, որով Փաշինյանը «տաք» է պահում հասարակությանը, մանավանդ՝ գիտակցելով, որ դրա լյումպենացված հատվածը շարունակ «արյուն» է ուզում։ Ու այս դեպքում հեղափոխության թիմին հաջողվում է՝ գոնե առայժմ, հասարակության այդ շերտերի դժգոհության թիրախ դարձնել ում ասես՝ իրենցից դուրս ու իրենցից բացի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս