14 Ապրիլի, 2020
Անձնակազմը սովոր է եղել կոնկրետ աշխատելաոճի, շատ ժամանակ իրենց հարց եմ տվել, ասել եմ՝ այս ստուգումները, որ անում եք, ի՞նչ թերություններ կան, ի՞նչ խնդիրներ կան, իրենցից ճիշտ պատասխաններ չեմ ստացել, ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Առաջին քայլս Քաղավիացիայում ստուգելն էր միջազգային քաղավիացիայի աուդիտը, և ասեմ՝ շատ բարձր չափանիշ էր, ես նստած համեմատում էի ու մտածում՝ ինչ լավ է Հայաստանում վիճակը: Ես որևէ հիմք չունեի մտածելու և կասկածելու, որ շատ լուրջ խնդիրներ ունենք»,- ասաց Ռևազյանը:

Նա նշեց, որ կոմիտեի լրջագույն խնդիրների մասին իմացել է պատահական, ԵՄ գործընկերների հետ զրույցի ժամանակ. «Ավիաընկերությունները ԵՄ դիմեցին թռիչքային թույլտվություն ստանալու դեպի Եվրոպա, իսկ պատասխան ստացանք խնդիրների մասին բարձրաձայնող փաթեթ: Ցավոք, այդ փաստաթղթի մասին ինձ չէին զեկուցել, դա հուլիս ամիսն էր: Սեպտեմբերին ես գնացել եմ Մոնրեալ, այնտեղ շատ լուրջ միջոցառում էր բոլոր քաղավիացիաների անձնակազմերի մասնակցությամբ և պատահական խոսակցության ժամանակ ԵՄ-ի պաշտոնյաներն ինձ ասացին այդ նամակի մասին»:

Իմանալուն պես Ռևազյանը սկսել է ուսումնասիրել՝ ինչ նամակ է, ինչու իրեն չի հասել:

«Այդ դեպքից հետո ես անձնամբ եմ խնդրել, որ վերահսկող մարմինը գա ու մեզ ստուգի: Ստուգման արդյունքում հարուցվել է քրեական գործ, որի մանրամասները դեռ չեմ կարող հրապարակել»,- նշեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:

Չնայած խնդիրները նախկինից եկած են, այնուամենայնիվ, Ռևազյանը հորդորեց չքաղաքականացնել թռիչքային անվտանգության խնդիրները:

«Եկեք չտարանջատենք՝ որ անձի կամ որ կառավարության մեղքն է: Ունենք խնդիր և խնդիրը պետք է լուծվի: Պետք է փոխվի ողջ աշխատակազմի աշխատելաոճը»,- ընդգծեց նա:

Lurer.com

kotayk

Լրահոս