26 Մարտի, 2017

Սամվել Բաբայանը կալանքի տակ է: ՕՐՕ դաշինքը նրա հանդեպ որոշակի պարտավորություներ ունի և հիմա հարկավոր է ցուցադրել, որ մարտական ընկերոջը մենակ չի թողնում դժբախտության մեջ: Կոչեր, հայտարարություններ, պահանջներ հնչեցին, բայց դրանք ռեալ օգնություն չեն, այլ ընդամենը աղմուկ բարձրացնելու նախահիմքեր: Իսկ ճաղերի ետևում հայտնված նախկին պաշտպանության նախարարը ձայնարկություններով կերակրվել չի ցանկանում:
Այս պատճառով էլ ՕՐՕ-ի ազատ լիդերները անցել են գործողության և իբրև առաջին քայլ փորձել են ստանալ միջազգային հանրության աջակցությունը քաղբանտարկյալ Սամվել Բաբայանին ազատ արձակելու համար: Ըստ տեղեկությունների` նրանք դիմել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ու միջազգային կառույցներին, որպեսզի սրանք ճնշում գործադրեն իշխանությունների վրա: Կասկածից վեր է, որ այս գաղափարի իրագործողները եղել են երկու նախկին ԱԳ նախարարները` Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավանաբար, սրանք հավաստիացրել են իրենց կողմնակիցներին, որ գերազանց տիրապետում են դիվանագիտական աշխատանքի նրբություններին և կարող են դեսպաններին պարտադրել սեփական տեսակետը:
Բայց արի ու տես, որ առաքելությունը լիովին ձախողվել է: Դիվանագետներից ոչ մեկը ցանկություն չի հայտնել խառնվել այդ պղտոր գործին և քաղաքավարիորեն ետ է քաշվել` հղում անելով իրավապահ մարմիններին: Նրանց բոլորի տեսակետը մի քանի նախադասությամբ ձևակերպել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ասել է. «Բոլոր վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, դատարանում… Օրինապահ մարմինները պետք է թափանցիկ գործեն, որպեսզի բացառվի դրանց քաղաքական բովանդակություն հաղորդելը և քաղաքացիներն ու ընտրողները ևս մեկ անգամ վստահ լինեն օրենքի գերակայության մեջ։ Բայց առաջնայինն, իհարկե, բռնությունը և ցանկացած տեսակի ահաբեկչական գործողությունը կանխելն է»:

Սվիտալսկու կողմից ահաբեկչություն եզրույթի գործածումն արդեն իսկ ջուրն է նետում ՕՐՕ-ի բոլոր հույսերը: Սա գրեթե նույնն է, եթե նրանք հայտարարեին, որ կիսում են ԱԱԾ-ի կարծիքը և վստահում են այդ կառույցի ներկայացրած փաստերին: Մյուս կողմից էլ` հարկ է նկատել, որ փաստացի դիվանագետները չցանկացան իրենց մատնահետքը թողնել հրազենի ձգանի վրա: Դա արդեն հանցակից լինելու կասկածանքներով է հղի, հատկապես որ զենքը բերվել է դրսից: Սամվել Բաբայանի ազատագրումը չի մտնում նրանց ծրագրերի մեջ:

 

kotayk

Լրահոս