«168 ժամ». «Գոլդեն Փելես» հյուրանոցը բե՞ռ, թե՞ ընծա կդառնա. կուտակած պարտքերը գաղտնի են պահվում

1
  «168 ժամ» թերթը գրում է.
«Անցած տարվա նոյեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է պետական գույքի կառավարման վարչությանը և ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը վերադարձնում է պետությանը: «Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է անենք. պետք է հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի, գնահատում են, որ այն նույնիսկ մինչև 20 միլիոն դոլար արժենա»,- ասել էր Փաշինյանը:

Պետական գույքի կառավարման կոմիտեն նվիրաբերվելիք գույքն ընդունելու համար սպասում էր իրավապահ մարմինների համապատասխան դիրքորոշմանը, որից հետո «Գոլդեն Փելեսի» հետ կապված պետք է ընթացակարգ մշակվի, կառավարության որոշում ընդունվի։

Անցած տարեվերջին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ քննչական վարչությունում հարուցված քրեական գործը (Քր.օր. 310 հոդված և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (փողերի լվացում)) վերջում կարճվելու է, Արմեն Ավետիսյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի:

Սակայն ի՞նչ վիճակում է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, ի՞նչ պարտավորություններ է կուտակել այս տարիների ընթացքում, ինչո՞ւ է Ավետիսյանի ընտանիքն այդքան «հեշտ» հրաժարվում դրանից։

«168 ժամ»-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե հյուրանոցի վերաբերյալ ի՞նչ ուսումնասիրություն է իրականացվում, և այն որքա՞ն չմարված պարտավորություններ ունի (վարկեր, հարկեր և այլն)։ Սակայն Դատախազությունը հրաժարվել է որևէ տեղեկություն տրամադրել։

«Հաշվի առնելով, որ Ձեր կողմից խնդրարկվող տեղեկությունները հանդիսանում են ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի դրանք չեն կարող տրամադրվել»,- պատասխանել են Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ 2018թ. արդյունքներով «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետական բյուջե է վճարել 182 մլն 673 հազար դրամ հարկ, սակայն նախորդ տարվա համեմատ այն նվազեցրել է իր վճարումները՝ 2017 թ.-ին բյուջե էր վճարել 392 մլն 631.2 հազար դրամ։ 2016 թ.-ին հյուրանոցի հարկային մուտքերը կազմել էին 194 մլն 659.2 հազար դրամ, 2015-ին՝ 421 մլն 167.9 հազար դրամ։

Մեր տեղեկություններով՝ հյուրանոցն ուներ նաև կուտակված կոմունալ հսկայական ծախսեր։

Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Ավետիսյանն իր ընտանիքի հետ միասին գտնվում է արտերկրում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում