«168 ժամ». Հիմա սա ցինի՞զմ է, թե ոչ. վարչապետի երեկն ու այսօրը

1

  «168 ժամ» թերթը գրում է.

«Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նույնիսկ, եթե դա արել է շրջանցելով օրենքը: Դրան, անշուշտ, որոշակի բացատրություն տրվեց, կարևոր չէ այն համոզի՞չ էր, թե՞ ոչ: Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիվ մի քա­նի հազար դրամով:

Այնպես չէ, որ նախարարներն ու փոխնա­խարարները, նաև աշխատակազմերի ղեկա­վարներն ու մարզպետներն ուզում են մարդա­վայել ապրել, իսկ մյուսները՝ ոչ: Թե՞ նախա­րարների ու փոխնախարարների, աշխատա­կազմերի ղեկավարների ու մարզպետների աշխատավարձերը ցածր են, չեն բավարա­րում մարդավայել ապրելու ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար, իսկ մյուսները նման խնդիր չունեն:
Իհարկե, ունեն: Բայց դա այլևս կարևոր չէ, վարչապետին հավանաբար ավելի շատ հետաքրքրում է կառավարության, այսպես ասած, քաղաքական էլիտան, որի աշխատա­վարձը նա որոշել է կրկնապատկել, այն էլ՝ հա­սարակության աչքից հեռու: Ու դա արել է մի մարդ, ով ժամանակին չափազանց բուռն էր արձագանքում պետական համակարգում աշ­խատավարձերը բարձրացնելու նախկինների հրապարակային նախաձեռնությանը:

«Քաղաքական էլիտան որոշել է բարձրաց­նել իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթե ոչ ցի­նիզմ՝ աղքատության, արտագաղթի և հուսա­հատության ֆոնին: Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ: Ես սա ասում եմ հատուկ, բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել՝ որպես պոպուլիստական»,- այս հայտարարությունն Ազգային ժո­ղովի ամբիոնից պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արել է 2013թ.՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկումների ժա­մանակ:

Հայտարարությունից հետո Հայաստանում շատ բան չի փոխվել: Այնպես չէ, որ այլևս աղ­քատությունը վերացել է, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, կամ արտագաղթ չկա:
Չնայած այդ ամենին, դա չի խանգարել, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը կտրուկ բարձրացնի կառավարության քաղա­քական էլիտայի աշխատավարձը, այն էլ փակ դռների հետևում: Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ ոչ։

Որ պետական կառավարման համակար­գում աշխատավարձերը ցածր են, նորություն չէ: Բայց դա միայն բարձրաստիճան պաշտոն­յաներին չէ, որ վերաբերում է: Այդպես է ամ­բողջ համակարգում, ու դա լավ օրից չի գա­լիս: Չնայած դրան, մինչև հիմա որևէ մեկը չէր մտածել նման բան անել: Բայց ժողովրդի վար­չապետը ոչ միայն մտածել ու արել է, այլև ժո­ղովրդից գաղտնի է պահել:

Ու գիտե՞ք՝ ինչու է այդպես վարվել, որով­հետև հավանաբար հասկացել է, որ վատ բան է անում, որ մի քանի հազար դրամ աշխատա­վարձ կամ թոշակ ստացող հպարտ քաղաքա­ցին իրեն ճիշտ չի հասկանա: Թերևս ճիշտ էլ կանի: Չէ՞ որ այսօր 700-800 հազար դրամ աշ­խատավարձ ստացող նախարարն ավելի կա­րիքավոր չէ, քան 40 հազար դրամ ստացող կենսաթոշակառուն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում