«168 ժամ». Նիկոլ Փաշինյան․ կեղծիքի կոմբինատորը

1
goodwinbe

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի շարժիչ ուժը շարունակում է լինել կեղծիքը՝ բառի լայն եւ նեղ իմաստներով։ Այնպես չէ, որ կեղծիքը նոր մատերիա է հայկական իրականությունում, պարզապես 2018 թվականի հեղափոխությունից հետո այն նոր դրսեւորումներ ու մատուցման նոր ձեւեր է ստացել։ Նախկինում՝ շուրջ երկու տասնամյակ, երկրում ամենաշատը կեղծվող երեւույթը մարդկանց քվեն էր, որի շնորհիվ իշխանությունն արտադրվում ու վերարտադրվում էր։ Ու հենց դա էլ, լայն իմաստով, հանգեցրեց 2018 թվականի փոփոխություններին․ մարդիկ հոգնել էին տոտալ կեղծիքից եւ մեծ առումով մերժեցին հենց այդ կեղծիքը։ Բայց կեղծիքի նախկին ու ներկա դրսեւորումներում կա մի էական տարբերություն։ Նախկինում իշխանությունը մեծ հաշվով չէր էլ թաքցնում կեղծիքի փաստը, մարդիկ գիտեին այդ մասին ու ըստ էության ապրում էին՝ դրա հետ համակերպված։

Այլ է պատկերն այսօր։ Հիմա կեղծվում է իրականությունը՝ լայն իմաստով, սուտը, մանիպուլյացիան դարձել են պետական քաղաքականություն, ու դա դեռեւս ազդեցիկ է։ Ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ երկրում բոլոր խնդիրների մեղավորը Սահմանադրական դատարանի գործող կազմն է, եւ դա ներկայացվում է՝ որպես իրականություն, իսկ բոլոր նրանք, ովքեր կհակառակվեն դրան, այսինքն՝ կբարձրաձայնեն ճշմարտությունը, հռչակվում են պետական դավաճաններ։

Տնտեսության մեջ շարունակում են իշխել ու գերիշխել բոլոր նախկին օլիգարխները, բայց նրանք հիմա անվանակոչված են՝ որպես «խոշոր սեփականատերեր»։ Ու բոլոր նրանք, ովքեր համարձակվում են բարձրաձայնել այդ մասին, այսինքն՝ ասել ճշմարտությունը, կրկին հռչակվում են՝ որպես պետական դավաճաններ։ Այս իրավիճակն է ամեն օր ու ամենուր։

Իշխանությունը պատերազմ է հայտարարել ճշմարտությանը եւ այդ պատերազմում օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները, սկսած ֆեյքերից ու մանիպուլյատիվ այլ գործիքներից՝ մինչեւ անգամ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամների ներգրավում։ Ճշմարտության դեմ հայտարարված պատերազմի խորքային նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա իշխել կեղծիքի թագավորությունում, որովհետեւ միայն դրանում է հնարավոր մասսաներին կառավարել՝ որպես հիմնական միջոց օգտագործելով պոպուլիզմը։

Այսօր էլ, ինչպես նախկինում, Հայաստանն ապրում է տոտալ կեղծիքի պայմաններում, այն տարբերությամբ, որ եթե նախկինում այդ կեղծիքն արձանագրվում էր հիմնականում ընտրական տեղամասերի ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) գրանցամատյաններում, ապա այսօր արձանագրվում է ամենուր՝ սոցիալական ցանցերում, մամուլում, հեռուստատեսությամբ, պաշտոնական ելույթներում ու հաղորդագրություններում։ Կեղծիքն այնքան շատ է ու այնքան համոզիչ, որ մարդկանց մոտ ստեղծում է իրականության պատրանք։ Այսինքն՝ կեղծիքն աստիճանաբար դառնում է իրականություն, իրականությունը՝ կեղծիք։ Որովհետեւ՝ ինչպես իրականությունը, այնպես էլ՝ կեղծիքը, մարդկանց գիտակցության մեջ է, որը դեռեւս կարողանում է կառավարել Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական ճառերով ու էժանագին շաղակրատությամբ։

Բայց կեղծիքը որպես իրականություն ներկայացնելու մարտավարությունը չի կարող անվերջ գործել։ Հասարակությունը մի օր հոգնում է կեղծիքից ու ցանկանում է վերադառնալ իրականություն։ Ե՞րբ դա տեղի կունենա՝ այս պահին դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, որ հասարակությունը կարող է կեղծիքի մեջ ապրել մի որոշ ժամանակ, գուցե մի փոքր ավելի, բայց ոչ հարատեւ։ Ճշմարտությունը մի օր, ի վերջո, հաղթելու է կեղծիքին, եւ մարդիկ վերադառնալու են իրականություն։

Ով ով՝ Նիկոլ Փաշինյանը դա ամենալավը գիտի։ Ոչ միայն այն պատճառով, որ ինքն է կեղծիքի գլխավոր կոմբինատորը, այլ նաեւ՝ որովհետեւ 2018 թվականին իշխանության է եկել այն պահին, երբ հասարակության գիտակցության մեջ մի պահ ճշմարտությունը հաղթել է կեղծիքին։ Մնում է սպասել ճշմարտության հաջորդ գալստյանը, որը կարող է լինել նույնքան անսպասելի, որքան 2018 թվականին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։