10 Նոյեմբերի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկուկես ամսում արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանը անդրադառնում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին: Նախօրեին  նա խորհրդակցություն էր հրավիրել՝ նվիրված ժողովրդագրական խնդիրներին, որի ժամանակ, ըստ նախագահականի հաղորդագրության, Սերժ Սարգսյանն «ընդգծել է, որ մինչեւ 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է, հաղթահարելի է համարել նաեւ ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները»:

Նախանշված թիրախային նպատակին հասնելը, ըստ Սարգսյանի, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, եւ 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարեւորվի: Սեպտեմբերին Երեւանում անցկացված Հայաստան -սփյուռք համաժողովի ժամանակ նրա ելույթի մի հատվածը նվիրված էր հենց ժողովրդագրական իրավիճակին:

Ժողովրդագրական խնդիրներ ասելով՝ հասկանում ենք ծնելիության նվազման միտումները եւ, բնականաբար, արտագաղթը: Այն, որ ծնելիությունը նվազում է, գիտենք բոլորս: Այն, որ արտագաղթը ահռելի ծավալների է, նույնպես: Բայց ոչ մի կերպ չի հաջողվում պարզել, թե իշխանության ներկայացուցիչները ի՞նչ կարծիք ունեն, ո՞րն է դրա պատճառը: «Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են եւ հետեւանք են քառորդդարյա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների»,- հայտարարեց Սարգսյանը Հայաստան-սփյուռք համաժողովում ունեցած իր ելույթում: «Բազմաթիվ գործոններ», այսինքն: Այս անգամ էլ խոսել է «Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրների» մասին:

Եվ ուրեմն, համադրելով վերջին մեկուկես ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանի՝ ժողովրդագրական իրավիճակի մասին հայտնած մտքերը, կարող ենք պնդել, որ ըստ նրա՝ արտագաղթի ու ծնելիության նվազման ամենաընդգծված, ամենաառաջնային, ամենաազդեցիկ պատճառը «Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրներն» են:

Սա, իհարկե, պատճառ է, բայց դժվար թե ամենալուրջ պատճառը լինի: Կան նաեւ շատ ավելի լուրջ պատճառներ: Օրինակ, սոցիալական վիճակը: Մարդիկ վատ են ապրում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում, որ մեր բնակչության մեկ երրորդը աղքատ է: Եթե աղքատ մարդը գիտի, որ արտագաղթելու ու այլ երկրներում աշխատելու դեպքում կկարողանա հոգալ իր տարրական կենսական պահանջները, կարտագաղթի՞, թե ոչ: Եթե մարդը առողջության հետ կապված մի ինչ- որ խնդիր լուծելու համար իր մի քանի տարվա եկամուտը պետք է ծախսի մի վիրահատության համար, դա պատճառ չէ՞ արտագաղթելու մասին անընդհատ մտածելու համար: Իր երեխաներին նորմալ կրթություն տալու ցանկությունը պատճառ չէ՞ արտագաղթելու համար: Իրավապահ կամ դատական համակարգի «բեսպրեդելը» իր մաշկի վրա զգացած հայաստանցու մեջ արտագաղթելու ցանկություն կառաջանա՞, թե ոչ: Ամեն քայլափոխին կաշառակեր չինովնիկի հանդիպող քաղաքացու մեջ արտագաղթելու ցանկություն կառաջանա՞, թե ոչ….: Էլի քանի՞ հնարավոր պատճառ կարելի է թվարկել մեկ շնչով:

Բայց դրանք, դատելով Սերժ Սարգսյանի խոսքերից, պատճառ չեն կամ դրանց ազդեցությունն այնքան փոքր է, որ դրանց մասին նա չի էլ հիշատակում: Ինչո՞ւ: Պատճառը շատ պարզ է: «Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները» պայմանավորված չեն իշխանությունների գործունեությամբ: Իսկ ահա երկրի տնտեսական վիճակը, կոռուպցիան, անպատժելիությունը, «բեսպրեդելը» ամբողջությամբ ու անմնացորդ իշխանության գործունեության, կամ եթե մեղմ արտահայտվենք՝ անգործության արգասիքն է:

Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չի ուզում ընդունել, որ արտագաղթի պատճառների մեծագույն մասը մեր ներքին պրոբլեմներն են: Պրոբլեմներ, որոնց հիմքում հենց իշխանության գործունեությունն է: Ու այդ պարագայում խոսել ժողովրդագրական իրավիճակը շտկելու՝ իշխանության կարողությունների ու ցանկությունների մասին, թերեւս անիմաստ է:

Հիմա՝ մի քիչ պարզ թվաբանություն: Վերը նշված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը կրկին մատնանշել է մինչեւ 2040 թվականը ՀՀ բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին իր «տեսլականը»: Որքանո՞վ է դա իրական: Եթե շարունակվեն այսօրվա միտումները, ապա պատկերը բոլորովին այլ կլինի: Այսպես. ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ, 2016 թվականին Հայաստանում ծնված երեխաների թիվը կազմել է մոտ 40 հազար 600: Նույն տարվա ընթացքում մահացել է 28 հազար հայաստանցի: Ծնունդների թիվը գերազանցել է մահերի թիվը 12 հազար 600-ով: Սա կոչվում է բնական աճ: Եթե շատ պարզեցնենք հաշվարկները, ապա բնական աճի այսպիսի տեմպերով 2040 թվականին մեր բնակչությունը կաճի մոտ 290 հազարով: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարեկան Հայաստանը լքում է մոտ 50 հազար հայաստանցի: Նույն միտումը պահպանվելու դեպքում դրա պատճառով մեր երկրի բնակչությունը կնվազի 1 միլիոն 150 հազարով: Համադրելով այս թվերը, կստանանք, որ ներկա միտումները պահպանվելու դեպքում 2040 թվականին մեր բնակչության թիվը կնվազի 860 հազարով: Ու եթե համարենք, որ ներկայումս ՀՀ բնակչության թիվը իրոք 3 միլիոն է, ինչպես նշում է պաշտոնական վիճակագրությունը, ապա 2040 թվականին այն կկազմի 2 միլիոն 140 հազար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս