15 Ապրիլի, 2020

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով այն, ասաց, որ տարիներ շարունակ միջազգային գործընկերները կոչ են արել Հայաստանին ներդնել այնպիսի մեխանիզմ, որով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ընթացքում գաղտնիք համարվող որոշակի տեղեկություններ ավելի հասանելի կդառնան, քան հիմա են:

Ապօրինի ծագում ունեցող գույքի շեմի մասով է փոփոխություն կատարվել, այդ շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամ:

Ապօրինի ծագման գույքը ձեռք բերող անձանց պաշտպանության մասով ևս փոփոխություններ են եղել: Նախարարի խոսքով՝ գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հարցի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա: Այսինքն՝ եթե պետությունը վկայակոչում է, որ տվյալ անձը բարեխիղճ ձեռքբերող չէ, դրա ապացուցման բեռը կրում է պետությունը: Անձինք, ում այդ գույքը փոխանցվել է որպես ստացված վնասի հատուցում կամ ալիմենտ, ազատվում են այդ գույքը վերադարձնելու պարտականությունից՝ անկախ այդ գույքի ծագման մասին հանգամանքից: Ուսումնասիրվող ժամկետի վերաբերյալ նույնպես փոփոխություններ են կատարվել, արձանագրվել է, որ ուսումնասիրվող ժամկետը պետք է ներառի առավելագույնը 10 տարին նախորդող հատվածը, իսկ բացառիկ դեպքերում՝ ավելի երկար, բայց սահմանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով:

kotayk

Լրահոս