27 Մարտի, 2021
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը թողել է B+ մակարդակում` կայուն կանխատեսմամբ: Զեկույցը հրապարակվել Է գործակալության կայքում։

itch-ը նշում է, որ գնահատականն արտացոլում է պետական և արտաքին պարտքի բավականին բարձր մակարդակը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսավորումը և աշխարհաքաղաքական լարվածությունը, որը կարող է վերաճել ռազմական հակամարտության:

Սակայն, ըստ գործակալության, այդ գործոնները որոշակիորեն հավասարակշռվում են այլ գործոններով` բնակչության մեկ շնչի հաշվով համեմատաբար բարձր եկամուտ (income per capita), բիզնեսի կառավարման, զարգացման և վարման պարզության ցուցանիշներ, որոնք գերազանցում են «B» միջին ցուցանիշը, ինստիտուտներ, որոնք ապահովել են քաղաքական բարեփոխումների գործընթացի սահունությունը, դիմացել են 2020 թվականի համավարակի շոկին և Ադրբեջանի հետ վեցշաբաթյա պատերազմին:

Fitch-ի վերլուծաբանները հիմնվում են նաև «արդյունավետ մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության» ցուցանիշների, ինչպես նաև բարեփոխումների հանձնառության գործոնի վրա, ինչն ամրապնդվում է ԱՄՀ-ի պահուստային համաձայնագրով (SBA):

Ընդ որում` Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը կկարողանա պահպանել խորհրդարանական մեծամասնության գործող կոալիցիան արտահերթ ընտրություններում, որոնք նախանշված են 2021 թվականի հունիսի 20-ին:

«Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանի հրաժարականի կոչերով բողոքի ալիք է բարձրացել երկրում։ Նման կոչ են արել նաև զինվորականները։ Չնայած մենք կարծում ենք, որ նա կպահպանի իշխանությունը, այդուհանդերձ պատերազմից հետո նրա կառավարության հանդեպ վստահությունը զգալիորեն թուլացել է, ինչը կարող է լրջորեն խանգարել կառուցվածքային բարեփոխումների անցկացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին»,– գրում է Fitch-ը ։

Վարկանիշային գործակալությունը նաև ենթադրում է, որ պատերազմում պարտվելու հետևանքները, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հաղթահարել մոտ ապագայում՝ հաշվի առնելով փախստականների մեծ հոսքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացների վերսկսման անհրաժեշտությունը, որոնք ավելի վաղ ձախողվել էին:

«Չնայած ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությանը` չի կարելի բացառել, որ ապառազմականացված գոտու բացակայության պատճառով Լեռնային Ղարաբաղում կարող է կրկնվել էսկալացիան։ Պատերազմը նաև ամրապնդել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգության և տնտեսական հարաբերությունների հարցերում», — գրում է գործակալությունը։

Նշենք, որ վարկային վարկանիշն ազդում է պետության նկատմամբ ներդրողների վստահության, ինչպես նաև այն գործոնի վրա, թե որքան շահավետ պայմաններով երկիրը կարող է պետական պարտք վերցնել:

 

 

kotayk

Լրահոս