5 Հոկտեմբերի, 2022

Նրանք երկարամյա ԿԸՀ-ականներ են, ընդունված տերմինով ասած` շատ ընտրությունների կեղծման մասնակիցներ ու ականատեսներ, բայց մասնագիտությամբ իրավաբաններ են եւ այսօր համաձայնել են աշխատել Հովակիմյան Վահագնի ղեկավարության ներքո։ Եվ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, ով տասնամյակներ շարունակ խոսել է ընտրակեղծիքների եւ ընտրակեղծարարների վերացման մասին, որոշել է այս «նախկինների» ունակությունները ծառայեցնել նաեւ իրեն՝ իշխանությունը պահելու համար։ Սիլվա Մարկոսյանի ու Արմեն Սմբատյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել, բայց զրուցեցինք Նունե Հովհաննիսյանի հետ։ Նա ասաց, որ դեմ չի եղել ՔՊ-ի առաջարկին եւ համաձայնել է առաջադրվել։ Ի դեպ, հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով է իշխանությունը ԿԸՀ կազմից ընտրել հենց այս 3-ին:

Ani Product

– Ինչո՞վ էր պայմանավորված, որ ցանկություն հայտնեցիք մնալ ու աշխատել նոր ԿԸՀ կազմում՝ Հովակիմյան Վահագնի գլխավորությամբ։

Ani Product

– Կարծում եմ, որ ես դեռ անելիք ունեմ եւ օրենսդրորեն կարող եմ եւս մեկ անգամ առաջադրվել։

– Վահագն Հովակիմյանի գլխավորությա՞մբ։

– Ես չեմ ուզում անհատականացնել։ Այսպես ասեմ, որ ինձ համար կարեւորը կառույցն է, մարմինն է՝ իր գործառույթներով։

– Իսկ Ձեզ համար կարեւո՞ր չէ, թե ով է այդ կառույցի ղեկավարը՝ իր մարդկային, պրոֆեսիոնալ որակներով։

– Եթե էդ համատեքստում եք հարցեր տալու, եկեք ավարտենք, հա՞։

– Դուք տեսե՞լ եք ՀԿ-ների հայտարարությունը, տարբեր անձանց արձագանքը Վահագն Հովակիմյանի առաջադրման ու ԿԸՀ նախագահ դառնալու հետ կապված, հիմա ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այս քննադատական ալիքի ֆոնին Դուք եւս առաջադրվել եք ԿԸՀ անդամի թեկնածու։

– Եթե իմ կենսագրությանը Դուք ծանոթ եք՝ ԿԸՀ կայքում տեղադրված է, վերջին 20 տարին աշխատում եմ ԿԸՀ-ում, եւ էդ ընթացքում 3 նախագահ է ղեկավարել էդ մարմինը։ Մինչ այդ էլ՝ շատ կարճ ժամանակահատված՝ 96 թվականին, մի քանի ամիս եղել եմ ԿԸՀ-ի իրավաբանական բաժնում, եւ իմ գործառույթը՝ որպես իրավաբան եւ ԿԸՀ անդամ, եղել է զուտ մասնագիտական, օրենքի եւ օրենսդրության շրջանակներում, եւ աշխատել եմ անել հնարավորը, որպեսզի էդ ոլորտում ամեն ինչ լավ լինի։ Ինչ վերաբերում է Հովակիմյանի առաջադրմանը՝ օրենքը, կարծում եմ, տեղյակ եք, բավականին լավ գիտեք՝ էդ իրավունքը վերապահվում է ԱԺ-ում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերին։

– Եվ օրենքը հատուկ փոխվել է, որ Հովակիմյանը դառնա ԿԸՀ նախագահ։

– Թույլ տվեք՝ ես չմեկնաբանեմ օրենսդիրի գործունեությունը՝ օրենքի փոփոխությունների կամ լրացումների հետ կապված։

– Դուք պրոֆեսիոնալ իրավաբան եք՝ աշխատանքային մեծ փորձով, ինչպե՞ս եք աշխատելու մի հիմնարկում, որի ապագա ղեկավարը պրոֆեսիոնալ չէ, մասնագիտական կրթություն չունի, ԿԸՀ-ի հետ էլ որեւէ լուրջ առնչություն չի ունեցել։

– Խնդրում եմ, ինձ ազատեք էդ համատեքստով հարցերից։ Եթե իմ վերաբերյալ հարց ունեք՝ խնդրեմ, բայց ո՛չ Հովակիմյան Վահագնի կամ մյուս թեկնածուների կարողությունների հետ կապված։

– Բայց շատերը գուցե ցավով նայեն, թե Ձեզ պես պրոֆեսիոնալ մարդը, գուցե ինչ-ինչ նպատակներից կամ շահերից ելնելով, որոշել է դառնալ Հովակիմյանի գլխավորությամբ ԿԸՀ անդամ։

– Չէ, շահեր չկան, շահը հետեւյալն է, որ, իսկապես, ես սիրում եմ ե՛ւ իմ մասնագիտությունը, ե՛ւ իմ աշխատանքը եւ կարծում եմ՝ էս 20 տարիների ընթացքում ես արել եմ ամեն ինչ, որ իրավագիտությունն իր ամբողջ ծավալով գործի եւ ներդրված լինի նաեւ ընտրական գործընթացներում։ Ու 20 տարի էդտեղ աշխատելով՝ էդ համակարգն ինձ դարձել է շատ հարազատ, եւ ես դեմ չեմ՝ շարունակել էդտեղ իմ գործունեությունը։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ Տիգրան Մուկուչյանի հեռանալով ԿԸՀ-ն կշահի՞, թե՞ կտուժի՝ որպես ինստիտուտ, եթե ԿԸՀ նախագահ դառնա Վահագն Հովակիմյանը, հատկապես որ կուսակցական է, եւ այսօր կուսակցական անձը դառնում է ընտրական անկախ մարմնի ղեկավար։

– Դուք ինձ հարցնում եք մի բան, որը կապված է հետագայի հետ, կանխատեսում չեմ կարող անել։ Թույլ տվեք էդ անշնորհակալ գործը չանել։

– Բայց որպես իրավաբան՝ չե՞ք կարող ասել` էդ ինստիտուտը կշահի՞ այդ նշանակումից, թե՞ ոչ։

– Շնորհակալություն գնահատականի համար՝ իմ վերաբերյալ։

– Դե, ես ցավով եմ այս ամենն արձանագրում…

– Դուք ազատ եք Ձեր տեսակետներն արտահայտել, եւ, միաժամանակ, խնդրում եմ՝ մի մոռացեք, որ ես ԿԸՀ գործող անդամ եմ ու ձեւականորեն դա չեմ պահպանել, որոշել եմ բոլոր այս տարիների ընթացքում հետեւողական լինել էդ զսպվածության սկզբունքին։

Լրահոս