4 Հոկտեմբերի, 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ani Product
Ani Product

«Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը»,- այս մասին դեռեւս 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ հունիսի 7-ին, Արմավիրի մարզում հայտարարում էր այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ երկրի առաջնորդի՝ սարսափելի բան չկա, որ գերիները մեկ, երկու ամիս ավելի կարող են անցկացնել հակառակորդի բանտերում ու կտտանքների ենթարկվել նրանց կողմից: Այսօր, սակայն, երբ հասարակությունը պարզապես ցնցված է՝ ինչպես են ադրբեջանցիները վարվում հայ գերիների հետ՝ գնդակահարելով նրանց, Փաշինյանի՝ վերոնշյալ խոսքերն է՛լ ավելի ցավեցնող են դառնում: Նիկոլ Փաշինյանը, սակայն, պարզվում է, այժմ փոխել է դիրքորոշումը կամ հասկացել է, որ զգայուն այդ թեմայից հնարավորիս քիչ պետք է խոսի:

Օրերս՝ սեպտեմբերի 30-ին ունեցած հարցազրույցի ժամանակ արդեն Փաշինյանը հայտարարում էր. «Դա այն հարցերից է, որ մեր ամենօրյա աշխատանքի թեմաներից է: Ես նաեւ նախկին փորձից գիտեմ. օրինակ՝ երբ ես Վլադիվոստոկում էի, գերիներից հարց տվեցին, ասացի՝ թույլ տվեք՝ ոչինչ չասեմ։ Հաջորդ օրը հինգ գերի վերադարձավ, ես գիտեի, բայց եթե հայտարարեի, գուցե բարդություն առաջանար: Ես ոչ թե բան չունեմ ասելու այս թեմայով, ասված ցանկացած բան շատ տեղեկատվություն կտա հանրությանը, բայց ոչ մի օգուտ չի տա մեր գործին, մեծ հավանականությամբ, վնաս կտա»:

Նա, փաստորեն, գերիների մասին հակասական հայտարարություններ է արել. մեկ ասում է՝ նրանք մեր անկախության համար են պայքարում, հետո գերադասում է լռել, որ չվնասի: Սա նշանակում է, որ Փաշինյանը հերթական անգամ ստել է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս