26 Մայիսի, 2022

 «Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանրային տիրույթում առկա թեժ քննարկումների կիզակետում հաճախ անտեսվում է մի կարևորագույն թեմա, որն ուղղակի կենսական նշանակություն ունի մեր պետականության համար։ Խոսքը Հայաստանի ժողովրդագրությանն ու այս ուղղությամբ առկա միտումների մասին է: Հայաստանը ծերացող երկրների շարքում է։ Այսինքն, երկրի բնակչությունը շարունակաբար նվազում է, իսկ սա ազդում է նաև երկրի ընդհանուր ներուժի վրա։

Եվ պատահական չէ, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով, երիտասարդների նվազման ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջին տեղում է։ Այնինչ, երիտասարդները համարվում են յուրաքանչյուր պետության շարժիչ ուժը, իսկ երիտասարդների թվի նվազման հետ նվազում են նաև պետության հնարավորությունները։ Մասնագետների գնահատականների համաձայն, տարիներ անց մի այնպիսի պատկեր կարող ենք ունենալ, որ ծեր մարդկանց քանակը կարող է գերազանցել երիտասարդների քանակին։

Իսկ սա արդեն լուրջ բեռ կարող է դառնալ պետության համար, քանի որ համեմատաբար քիչ թվով երիտասարդ աշխատողների վճարած հարկերի արդյունքում պետությունը պետք է կարողանա հոգալ նրանց թվին մեծապես գերազանցող թոշակառուների սոցիալական ապահովության հարցը։ Իսկ ժողովրդագրական հետընթացի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպես, օրինակ՝ ծնելիության, մահացության, ամուսնության, միգրացիայի ցուցանիշները։ Այս գործոններին գումարվում են նաև պատերազմական վիճակը, սոցիալ-տնտեսական դրությունը, բնակչության բարոյահոգեբանական մթնոլորտը և այլն։

Մի խոսքով, եթե ցանկանում ենք հզորացնել մեր պետականությունը, ապա միանշանակ պետք է լուծել ժողովրդագրության և բնակչության թվի ավելացման խնդիրը, որը ազգային անվտանգության նշանակություն ունի։ Այնուամենայնիվ, միայն բնակչության մեխանիկական աճը բավարար չէ, անհրաժեշտ է դրան զուգահեռ քաղաքացիների կյանքի համար բարվոք կենսապայմաններ ստեղծել, բարձրացնել նրանց կրթական և մասնագիտական որակները, նրանց մեջ սերմանել պետականամետ մտածելակերպ և հայրենասիրական ոգի։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

kotayk

Լրահոս