11 Օգոստոսի, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կիրականացնի «Ծիրանիծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը։

Ani Product

Փառատոնի ծրագրում ընդգրկված է 30 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։

Ani Product

Ցերեկային ցուցադրությունները լինելու են Երևանում՝ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, իսկ երեկոյան ժամը 8-ից մինչև կեսգիշեր՝ Ուջանի այգում՝ բաց երկնքի ներքո։ Ամերիկահայ ռեժիսոր (նիդեռլանդաբնակ) և կինոտեսաբան Թինա Բաստաջյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդես կգա «Walking through the Interactive Documentary: Speculative Interfaces and Thresholds» դասախոսությամբ։

Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Փառատոնի շրջանակում կգործի նաև Ուջանի կինոդպրոցը, որտեղ ուջանցի երեխաները, փառատոնի մասնագետների օգնությամբ կնկարեն կարճամետրաժ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն փակման արարողության ժամանակ։ Նշենք, որ դպրոցը գործում է 2019 թվականից։

Վիետնամից ժամանած ռեժիսոր և արտիստ Թհու Ան Նգույենը կվարի կոլաժի աշխատարան Ուջանի և հարակից գյուղերի նկարչական խմբակների երեխաների համար. ստեղծված կոլաժները կցուցադրվեն փառատոնի ավարտին։

Հայ և վրացի երիտասարդ կինոռեժիսորների համար հատուկ աշխատարան կվարի հոլանդացի կինոգործիչ Դիրք Վիլեմսենը:

Փառատոնի շրջանակում Ուջան ժամանած արտերկրյա շուրջ 30 հյուրերը մեկ շաբաթ կապրեն ուջանցիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին և մշակույթին:

Հավելյալ հարցերի և փառատոնին ներկա գտնվելու համար զանգահարել 093-485-618 հեռախոսահամարին (Արթուր Վարդիկյան)։

 

Լրահոս