Ծաղկաձորի«Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ տնօրեն Արման Հարությունյանի բաց նամակը՝ վարչապետին.

13

Հայաստանի Հանրապետության վարչապետ

պարոն Նիկոլ Փաշինյանին

«Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ տնօրեն
Արման Հարությունյանից

Բաց նամակ
​Մեծարգո պարոն Փաշինյան,​
​«Ռոյալ Սիգնաչր» ՍՊ ընկերությունը ք.Ծաղկաձորում իրականացնում է խաղատան կազմակերպման գործունեություն, ինչի համար օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան լիցենզիա 16.07.2019 թվականին: Վերոնշյալ գործունեությունը ք.Ծաղկաձորում իրականացնելու համար սահմանված է պետական տուրք տարեկան 180 մլն ՀՀ դրամի չափով, որի վճարումը կատարվում է հետևյալ կերպ՝ տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ (Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդված): Ընկերության գործունեության ամբողջ ընթացքում պետական տուրքի վճարումները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերի վճարումները մենք կատարել ենք առանց որևէ ուշացումների: Մինչև սույն թվականի մարտի 25-ը մեր Ընկերությունը ունի պետական տուրքի գծով 2-րդ եռամսյակի համար վճարում 45 մլն ՀՀ դրամի չափով: Հայտնում եմ Ձեզ, որ ամբողջ մարտ ամսվա ընթացքում՝ կապված կորոնավիրուսի համաճարակի և դրա արդյունքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների հետ (փակ տարածքում միաժամանակ 20 հոգուց ոչ ավել մարդականց ներկայության արգելք), հաճախորդների այցելությունների թվաքանակը մեր խաղատուն էականորեն նվազել է, բացի այդ Պարետի 21.03.2020թ. N9 որոշման համաձայն 22.03.2020 թվականից սկսած մինչև 14.04.2020 թվականը ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է տնտեսական գործունեության մի քանի տեսակների, այդ թվում խաղատների կազմակերպման գործունեությունը:

Նշեմ նաև, որ մինչ խաղատան գործունեության արգելքը մեր խաղատան բոլոր 5 հարկերի խաղասրահներում իրականցվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելման շատ խիստ միջոցառումներ՝ օրվա ընթացքում պարբերաբար կատարվել են խաղային սարքավորումների և խաղային սեղանների ախտահանում, խաղասրահ մուտք գործելուց առաջ իրականացվել է հաճախորդների ջերմաչափում, նաև աշխատանքի անցնելուց առաջ և օրվա ընթացքում մի քանի անգամ կատարվել է աշխատակիցների ջերմաչափում, բոլոր աշխատակիցները կրել են դիմակներ և բժշկական ձեռնոցներ, որոնք տրամադրվել են նաև մեր բոլոր հաճախորդներին, բոլոր խաղասրահներում տեղադրվել են ձեռքի հակամանրէային ախտահանիչներ (ալկոգել), բոլոր խաղասրահներում գտնվող խաղային սարքավորումները տեղադրվել են միմյանցից 3 մետր հեռավորության վրա: Ողջունելով և աջակցելով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին միաժամանակ պետք է փաստենք, որ ստեղծված իրավիճակում մեր Ընկերությունը հայտնվել է ֆինանսական բարդ իրավիճակում:

Այս խնդրով մենք և ք.Ծաղկաձորում գործող երկու այլ խաղատներ միասին 16.03.2020 թվականին դիմել էինք Ձեզ, սակայն մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել:
​Հարկ եմ համարում նշել, որ մեր Ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է 379 568 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը և մենք ունենք 175 աշխատակից, 2019 թվականի հուլիս ամսվանից մինչ այս պահը հարկերի մասով կատարել ենք 143,587,429 ՀՀ դրամի վճարումներ, պետական տուրքի մասով 120 000 000 ՀՀ դրամ վճարում:

​Հարգելի պարոն Վարչապետ, ևս մեկ անգամ Ձեզ խնդրում եմ խաղատան կազմակերպման գործունեությունը չդադարեցնելու և հետագայում գործունեությունը շարունակելու նպատակով աջակցել մեզ և հանձնարարել համապատասխան լիազոր մարմիններին ընդառաջել՝ մեր Ընկերությանը տրամադրելով 2020 թվականի 2-րդ եռամսյակի պետական տուրքի գծով հետևյալ արտոնությունները՝
ա) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, այն է՝ արտակարգ դրությունը ավարտվելուց հետո 1 ամսվա ընթացքում,

բ) 22.03.2020 թվականից մինչև 14.04.2020 թվականը ազատել Ընկերությանը պետական տուրքի վճարման պարտավորությունից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը տվյալ ժամանակահատվածում լիցենզավորված գործունեություն իրականացնելու իրավունք չունի համաձայն Պարետի 21.03.2020թ. N9 որոշման:

​Այլ պարագայում՝ ֆինանսական իրավիճակից ելնելով, գործունեությունը շարունակելու անհնարինության դեպքում, աշխատանքից կզրկվեն մեր թվով 175 աշխատակիցները, ինչպես նաև մեր Ընկերության հետ համագործակցող Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում գտնվող մի շարք փոքր և միջին մատակարար և ծառայություն մատուցող կազմակերպություններ կկորցնեն իրենց եկամուտի զգալի մասը: Ցանկանում եմ նշել, որ մեր խնդրանքը բավարարելու դեպքում, մենք նաև հնարավորություն կունենանք պահպանել մեր աշխատակիցների լրիվ աշխատավարձը՝ վճարելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը:

Հարգանքով՝

«Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ տնօրեն
Արման Հարությունյան