3 Հուլիսի, 2017

Կալիֆորնիայի 35-ամյա բնակիչ Արամազդ Անդրեսյան–ավագը, որը կասկածվում է 5-ամյա որդու՝ Արամազդ Անդրեսյան-կրտսերի սպանության համար, չի պատրաստվում ընդունել մեղքը:

Ինչպես նշում է nbclosangeles.com կայքը, այս մասին հայտնել է կասկածյալի փաստաբանը:

Ani Product

«Հիմա նրա համար բարդ ժամանակաշրջան է: Նա կալանքի տակ է, մեղադրվում է նման բանի համար… Սա մի իրավիճակ է, որը ցանկացած մեկին կկոտրեր»,-ասել է փաստաբան Ամբրոսիո Ռոդրիգեսը:

Ani Product

Աղբյուրը մանրամասնում է, որ փաստաբանը նոր է և միայն շաբաթ օրն է հանդիպել Անդրեսյան-ավագին:

Ռոդրիգեսի խոսքով՝ պետք չէ հապճեպ դատողություններ անել: Նա նաև նշել է, որ դատարանից 30 օր կխնդրի գործին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին անհետացած փոքրիկի դին հուլիսի 1-ին հայտնաբերվել է Սանտա Բարբարայի Կաչումա լճի մոտ:

Քննիչների կարծիքով՝ տղամարդը կանխավ ծրագրել էր որդու սպանությունը, ինչն իրագործել է փոքրիկի հետ «Դիսնեյլենդը» լքելուց հետո:

Անդրեսյան-ավագը խոստովանել էր, որ ժամանցային այգում գտնվելու ժամանակ արգելված դեղամիջոցներ է ընդունել, ինչից հետո, իր խոսքով, չի հիշում, թե ինչ է պատահել երեխայի հետ: Հետագայում տղամարդը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ ու նրանց թյուր տեղեկություններ է տրամադրել, ինչից հետո հայտնվել է կասկածի տակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Արամազդ Անդրեսյանին 5-ամյա որդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել:

Մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր դատախազ Ջեքի Լեյսին հայտարարել է, որ քննիչները բավականաչափ ապացույցներ են հավաքել 35-ամյա Անդրեսյանին որդու սպանության համար կասկածելու համար:

Մեղադրող կողմի կարծիքով՝ 35-ամյա տղամարդը, ով Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածի բնակիչ է, որդու հետ «Դիսնեյլենդ» գնալուց հետո սպանել է նրան ու դին թաքցրել: Հայտնի է, որ որդու անհետացումից հետո հայրը մեկնել է Լաս Վեգաս, զվարճացել ու իրեն ամենևին էլ երեխայի համար անհանգստացող ծնողի պես չի պահել: Այնուհետև նա փորձել է փոխել արտաքինը, սափրել է մորուքը, ներկել մազերը՝ քննիչների մոտ տպավորություն ստեղծելով, թե փորձում է լքել երկիրը:

Եթե նրա մեղքն ապացուցվի՝ տղամարդուն կարող է մինչև 25 տարվա ազատազրկում սպառնալ:

Լոս Անջելեսի շերիֆ Ջո Մենդոզայի խոսքով՝ Անդրեսյանի պահվածքի համար կարող էր պատճառ լինել որդու մոր հետ ցավագին ամուսնալուծությունը:

Լրահոս