Ամուլսարի գործից հեռացված Յուրա Իվանյանը ՔԿ-ում նոր պաշտոն է ստացել

1

Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանը, որը հայտնի սկանդալի պատճառով հեռացվեց քրեական գործի վարույթից, Քննչական կոմիտեում նոր պաշտոն է ստացել։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ նա նշանակվել է Հայաստանի Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝  ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

«Կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են ՀՀ քննչական կոմիտեի գործունեության արդյունավետ կազմակերպմամբ, մասնավորապես՝ այն ուղղված է քննիչների ծանրաբեռնվածության համաչափությունն ապահովելուն և որոշ ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն, առավել համակարգված և առանձին գործառույթներ իրականացնելու նպատակով ենթաստորաբաժանումներ ստեղծելուն», – ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Ամուլսարի գործով քննչական խումբը ղեկավարում էր Յուրա Իվանյանը, որը, ինչպես լրագրողների հետաքննությունն էր պարզել, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է։ Հենց այդ նախարարն էր 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը: