20 Նոյեմբերի, 2017

Կատարվեց այն, ինչի մասին կանխատեսելի․․․Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հուշագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ` Վանաձորի միասնական կառավարման մասին: Հուշագիրը ստորագրել են ՀՀԿ ու ՀՎԿ կուսակցությունների տարածքային կառույցների ղեկավարները` Արկադի Փելեշյանը, որը նաև ավագանու ՀՎԿ-ի անդամն է, ու քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Համաձայն հուշագրի` Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալն է լինելու հենց Արկադի Փելեշյանը: Սա, հասկանալի է, սովորական առևտուր է, երբ մարդը ձեռք է բերում պետությանը պատկանող պաշտոնը` դրա դիմաց վճարելով կամ որոշակի ծառայություններով, կամ վաճառելով սեփական խիղճը: Հիմա Արկադի Փելեշյանն անում է թե մեկը, թե մյուսը` Ասլանյանի կաշին փրկելու դիմաց: Իսկ ահա Մամիկոն Ասլանյանի ուրախությանը չափ չկա, և նա շտապել է իր ֆեյսբուքյան էջում գրել. «Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով. Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»:
Սակայն Մամիկոնի ու Փելեշյանի անձնական երջանկությունն այս անգամ արժեզուրկ մի դրվագ է` համեմատած այն բացահայտման հետ, որ նրանք արեցին իրենց առուծախի արդյունքում: Հիմա արդեն պարզ ու հստակ է, թե ովքեր էին մեկ տարի առաջ Ասլանյանի օգտնին քվեարկած և մինչ օրս չբացահայտված դավաճանները: Արթուր Բաղդասարյանի դաստիարակած կադրերից ուրիշ բան սպասել չէր էլ կարելի:
Եվ այստեղ ճիշտ ժամանակն է վերհիշել ՕԵԿ-ական տիկին Հեղինե Բիշարյանի հանրահայտ խոսքերը. «Այն անձինք, ովքեր շեղվել են նախապես կայացված համաձայնությամբ ընտրությունից՝ անբարոյականներ են»: Ի դեպ, սա այն եզակի դեպքերից է, որ քաղաքական ուժն ինքն իր մասին ասում է, որ անբարոյական է: Դե ինչպե՞ս կարելի չգնահատել նման անկեղծությունը և չհետևել նրանց օրինակին: Այսուհետ մենք էլ նույնը կասենք նրանց մասին:

Ani Product

Shame.am

Ani Product



Լրահոս