Ավագանու նիստի միջադեպի միակ պատասխանատուն Տարոն Մարգարյանն է. «Ժողովուրդ»

2

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը չի շտապում տեսակետ հայտնել նախօրեին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Հասարակական-քաղաքական հնչեղություն ստացած ցանկացած իրադարձություն քննարկվում է նաեւ կուսակցության ներսում: Ձեր մատնանշած միջադեպի վերաբերյալ կողմերը դիմել են իրավապահ մարմիններին, այդ իսկ պատճառով մինչեւ քննության ավարտը հարկ ենք համարում զերծ մնալ որեւէ մեկնաբանությունից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ասել է Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Մինչդեռ, նկատենք, որ Ս. Սարգսյանի արձագանքը տվյալ դեպքում շատ կարեւոր է:

Սա մեկ պարզ պատճառով. ավագանու նիստում տեղի ունեցածի մեղավորն անձամբ ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Ի վերջո, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ընդամենը բարձրացրել էին Նուբարաշեն համայնքի խնդիրները եւ որպես ասվածի ապացույց` ցանկանում էին կոյուղաջրով լցված տարաները դնել քաղաքապետի սեղանին:

Բայց Տարոն Մարգարյանը «Դեմնե՛րն առեք, դեմնե՛րն առեք, շուտ, շուտ» կարգադրությամբ լարեց իրավիճակը` սադրելով ողջ ծեծկռտուքը: Իսկ եթե քաղաքապետը կարողանար հաղթահարել բնազդային վախն ու տիրապետել իրեն, եթե չկարգադրեր կողմնակիցներին ԵԾ ներկայացուցիչների «դեմն առնել», նրանք տարաները կթողնեին քաղաքապետի սեղանին ու կհեռանային: Իսկ եթե անկանխատեսելի ինչ-որ բան տեղի ունենար, Տարոն Մարգարյանը պարտավոր էր «դեմն առնելու» համար դահլիճ հրավիրել քաղաքապետի կամ քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներին:

Մեկ փաստ էլ. Տ. Մարգարյանի երդմնակալության օրը Սերժ Սարգսյանն ասել էր. «Տարո՛ն ջան, Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես»: Մեկ տարի չանցած պետք է փաստենք` Տ. Մարգարյանը ոչ միայն հիասթափեցնում է, այլեւ խայտառակում է ամենքին»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: