Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում փակ դուռ կամ տուն չես գտնի.Ղազար Ղազարյան

15

Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում գրեթե բոլոր գլոբալ խնդիրները լուծված են,- Mnews.am -ի հետ  զրույցում նշեց համայնքապետ Ղազար Ղազարյանը:- Այնքան շատ աշխատանք է կատարվել, որ այսօր արդեն մտածում ենք, թե էլ ինչ կարելի է անել գյուղի համար: Համենայնդեպս, մտահոգող խնդիրներ դեռևս ունենք:

-Պարոն Ղազարյան ,ի՞նչ խնդիրներ են լուծվել համայնքում Ձեր պաշտոնավարման տարիներին:

– Համայնքը ղեկավարում եմ 2008 թվականից: Իսկ մինչ այդ, երեք տարի  եղել եմ գյուղապետի տեղակալ: Ինձ համար ծանոթ էր աշխատանքը, շուրջ տաս  տարի է, ինչ ղեկավարում եմ Ջրարբի գյուղական համայնքը: Ես միշտ էլ ձգտել ու ձգտում եմ առաջին հերթին հաշվի առնել բնակչության շահերը:Եվ, պատկերացրեք, իմ փորձառությունն ու բնակիչ-գյուղապետ անմիջական շփումն էլ ինձ հնարավորություն է տալիս ճանաչել մեր գյուղացիներին, սրտացավորեն մոտենալ նրանց բոլոր հոգսերին,իսկապես, սիրում և հարգում  եմ իմ համագյուղացիներին:

-Խոսենք համայնքում կատարված աշխատանքներից:

– Բազմաթիվ աշխատանքներ  են կատարվել : Ի դեպ, երբ ստանձնեցի համայնքի ղեկավարումը, բավականին պարտքեր կային: Համառ ու քրտնաջան աշխատանքով ոչ միայն այդ պարտքերը մարեցինք, այլև թվարկածս ձեռնարկներն իրագործեցին: Գյուղն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, այն դեպքում, երբ 2005թ-ին հարևան գյուղից էինք ջուր բերում: Մեր հողատարածքները սակավ են, եղածն էլ աղուտ է, հողամասերը մշակելով մարդիկ յոլա են գնում: Մեր հնարավորությունների սահմաններում ինչ հնարավոր էր` արել ենք:Գյուղի կենտրոն` դեպի մանկապարտեզ, դպրոց, գյուղապետարան, բուժկետ և կապի հանգույց տանող ճանապարհն ենք ասֆալտապատել (460 մ) ինչպես համայնքի, այնպես էլ կառավարության տրամադրած միջոցների ներդրմամբ: Ավանդական տոներն ու հանդիսությունները տեղը տեղին նշում ենք, նվերներ ու հաճելի անակնկալներ մատուցում: 2008 թվականից, երբ սկսել եմ պաշտոնավարումս, դպրոցական դասագրքերի վարձավճարները գյուղապետարանն է հատկացնում` ամեն տարի 800-900 հազար դրամ: Կոյուղագիծ է անցկացվել, շուրջօրյա ջրամատակարարում ունենք: 3 խորքային հոր ենք շահագործման հանձնել: Մանկապարտեզն ենք վերանորոգել` բակի հետ մեկտեղ, մշակույթի տունը, որտեղ նաև ջեռուցում է անցկացվել: Ջեռուցմամբ ապահովված են նաև գյուղապետարանը, բուժկետը…

Համայնքապետը մեծապես կարևորում է նաև բնակչի հետ առողջ, բնականոն փոխհարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը: Իսկ գյուղացիների հետ զրույցից պարզ դարձավ, որ շատ գոհ են իրենց ղեկավարից, իր լավ աշխատանքով կանգնած է յուրաքանչյուրի կողքին:

-Եթե ամփոփենք 2019 թվականը, ապա ինչպիսի՞ն էր տարին Ջրարբի  համայնքի համար:

-Եթե ամփոփենք տարին ,ապա Ջրարբի գյուղում այս տարի մի քանի փողոցների խմելու ջրի նոր ջրագիծ անցկացվեց:Ընդհանուր նոր կառուցվող ջրագծերի երկարությունը 530 մետր է:Ամբողջ ֆինանսավորումը կատարվում է  Ջրարբի համայնքապետարանի միջոցներով:

-«Գյուղապետարանի փոքրաթիվ աշխատակազմը հսկայական ծավալի աշխատանք է կատարում: Կոլեկտիվը` ինչպես մի ընտանիք, իմ ու քո չկա, համատեղ ու միասնական գործերն առաջ ենք տանում: Այնպիսի աշխատաոճ ենք որդեգրել, որ բնակիչը որևէ անհարմարություն չզգա, կամ ավելորդ ժամանակ չկորցնի տեղական իշխանության հետ առնչություն ունենալիս: Եթե մեր շատ գյուղերում բնակչության թիվը պակասում է, ապա Ջրարբիում ճիշտ հակառակն է:Գյուղում փակ դուռ կամ տուն չես գտնի: Սրան, ինչ խոսք, նպաստել է «Արաքս» թռչնաֆաբրիկան, որտեղ աշխատում են գյուղի բնակիչները,- իր խոսքում նշեց համայնքապետը։

-Ինչպիսի՞ միջոցառումներ եք իրականացնում համայնքում,մշակութային կյանքը Ջրարբիում։

– Յուրաքանչյուր տոն, իրոք փորձում ենք լիակատար նշել, և՛ միջոցառումներով, և՛ նվերներով հանդերձ: Ավանդույթի ուժով և մեծ տոնակատարությամբ նշում ենք մայիսի 9-ը` հրավիրում վետերաններին ու ազատամարտիկներին, ինչպես նաև մեծ շուքով նշվում  մարտի 8-ը,  ավանդույթ դարձած, նշում ենք Կանանց տոնը, հարյուրավոր նվերներ ենք  բաժանում թոշակառուներից սկսած մինչև երիտասարդ կանանց ու աղջիկներին, յուրաքանչյուրին նվիրել ենք միանման նվերներ, բոլորը հավասար են բոլորի առջև սկզբունքով :Մշակույթի տանը մշտապես միջոցառումներ են անցկացվում, ունենք«Շեյք» պարային համույթ, սաները օրեր առաջ են ելույթ ունեցել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցած «ՍԱՅԱԹ ՆՈՎԱ» 2-րդ Հանրապետական պարային մրցույթին։ Որտեղ զբաղեցրել են առաջին պատվավոր հորիզոնականը, արժանացել գավաթի և պատվոգրի։
Ինչպես նաև ստացել են հրավերք 2020թ-ին մասնակցելու ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «ՍԱՅԱԹ ՆՈՎԱ» Հանրապետական Պարային մրցույթին։

-Բազում խնդիրներ գյուղում լուծվում են հաճախ նաև Ձեր անձնական միջոցների հաշվին, մի քիչ անհավանական է հնչում, քանի որ շատերը ձգտում են համայնքի ղեկավար դառնալ ոչ թե ինչ որ բան տալու, այլ՝ ստանալու համար… 

-Տանելու բան չունեմ, ստանալու՝ առավել ևս,ինձ ճանաչողները միանշանակ կարող են դա փաստել։ Ես միայն մեկ ակնկալիք ունեմ. իմ սեփական բիզնեսից էլ առավել զարգացնել իմ գյուղը։ Դա ինձ համար աշխատանքային գործունեության հիմնական սկզբունքն է: 

-Առաջիկայում ամենագեղեցիկ և ամենահեքիաթային տոներն են Ամանորն ու Սուրբ ծնունդըինչպե՞ս եք պատրաստվում նշել այն:

– Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է, ես այն միշտ անցկացնում եմ ընտանիքիս հետ:
Այս տարի նույնպես բացառություն չէ, այն կանցկացնեմ ընտանեկան ջերմ մթնոլորտում,շրջապատված նաև իմ թոռնիկներով ,ինչպես նաև իմ համագյուղացիների հետ տոնական սեղաների շուրջ:

-Ի՞նչ կմաղթեք ջրարբեցիներին: Ինչպիսի՞ հեռանկարներ ունի գյուղը:

 Կցանկանայի բոլորիս առողջություն և կամքի ուժ, որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները: Ուզում եմ, որ լինենք լավատես,մտածենք, թե յուրաքանչյուրս ինչ կարող է անել մեր կյանքը բարելավելու համար: Բողոքով ու բամբասանքով չենք կարող ապրել. ճանապարհ են հարթում աշխատանքով:

-Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանանքոր ապրեն Ձեր երեխաները,թոռնիկները։

-Երազում եմ, որ երեխաներս, առհասարակ բոլորը, ապրեն ապահով Հայաստանում, երազում եմ, որ մեր սահմանները ամուր լինեն՝ զերծ թշնամու գնդակից, երազում եմ տեսնել հզոր և զարգացած Հայաստան:

Պարոն Ղազարյանի խոստովանությամբ, գյուղի համար նոր բան անելը, ստեղծելն ամենամեծ բավականությունն են պարգևում իրեն: Բավարարված է զգում իրեն, երբ համագյուղացու համար տքնել-չարչարվելով` արդյունք է ստանում, մարդկանց դեմքերին ժպիտ ու գոհունակություն տեսնում: Բնակչի կողքին է` պատրաստակամ ծառայելու նրան, լուծելու ցանկացած խնդիր: Պատահական չէ, որ բնակիչն էլ նրա նկատմամբ է հարգալից ու պատկառանքով:

Mnews.am