Արմեն Գևորգյանին առաջադրվել է նույն մեղադրանքն, ինչ՝ Քոչարյանին. Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչում

1

Դեկտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է և փոփոխվել։

Գևորգյանին մեղադրանքը, մասնավորապես, լրացվել է և նա ևս մարտի 1-ի գործով մեղադրյալ է։ Այս գործով նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Հայաստանում սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելը»։

Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Aysor.am-ին տեղեկացրել է , որ բացի այդ, ՀՔԾ-ն իր պաշտպանյալին մեղադրում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։

«Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել երեք տարբեր քրեական գործով։ Բայց նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ դա ընդհանրապես իրականաությանը չի համապատասխանում», – աել է փաստաբանը։

Բոլոր երեք գործերով էլ ՀՔԾ-ն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը կքննվի վաղը՝ դեկտեմբերի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

Նրա խոսքով՝ առայժմ իրենք ձեռնպահ են մնում գնահատականներ կամ հայտարարություններ հնչեցնելուց։

Նկատենք, որ մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու հետախուզման մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ևս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գևորգյանը, հիշեցնենք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, իսկ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

Աղբյուր` Փաստինֆո