19 Հոկտեմբերի, 2017

«Հայկական ժամանակ»-ը գրում է.  «Երևանի համար 32 մանկապարտեզի վերաբերյալ դժգոհությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պարզվում է՝ այստեղ խմբերն անպատկերացնելի մեծ են՝ ընդհուպ մինչեւ 56 երեխա: Իսկ ծնողները դաստիարակներին երբեմն համեմատում են ոստիկանի հետ, մանկապարտեզը՝ քրեակատարողական հիմնարկի:

Ani Product

Նախակրթարանում տիրող իրավիճակը սաներից մեկի հոգեկան անդորրն է արժեցել. երեխան լուրջ սթրեսի է ենթարկվել և այժմ հաճախում է հոգեբանի մոտ:

Ani Product

5-ամյա փոքրիկի մայրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մանկապարտեզը և երեխաները» խմբում նկարագրել է, թե ինչպես իր կենսուրախ որդին մասնավոր մանկապարտեզից պետական տեղափոխվելուց ընդամենը օրեր անց անճանաչելիորեն փոխվել է, դարձել ինքնամփոփ, վախեցած ու հրաժարվել մանկապարտեզ գնալ:

«Սեպտեմբերին տղայիս հերթը հասավ պետական պարտեզում, ոչ բարով։ Նրան նկարագրեմ. կենսուրախ, շփվող, միշտ ու բոլորին իր շուրջը համախմբող։ Եթե որեւէ մեկին տեսներ մենակ խաղալիս, էնքան կգնար կգար, մինչև այդ երեխան կմիանար իր խաղին։ Սեպտեմբերի 6-ից տեղափոխվեցինք այդ պարտեզ կոչվածը։ Չնայած եւ ես, եւ ամուսինս վախենում էինք չհարմարվեր խմբերի բազմաքանակ լինելու պատճառով: Բայց մոտ 10 օր շատ ուրախ եւ զվարթ գնում էր։ Ու ամեն օր և՛ տրամադրությունից ենք զգացել, և՛ հարցրել ենք. միանշանակ հավանել էր պարտեզը։ Սեպտեմբերի 17-ից սկսած հիմք դրվեց մեր մղձավանջին։ Տղաս առավոտյան արթնանում եւ չի ուզում տանից դուրս գալ: 2 օր ամուսինս համոզելով տարել է։ 3-րդ օրը ցանկություն հայտնեց, որ ես տանեմ` իր փոքր եղբոր հետ միասին։ Գնացինք։ Մեքենայից նույնիսկ դուրս չեկավ։ Ու վերջ: Իմ շփվող, իմ ակտիվ Արենից բան չի մնացել։ Ամբողջ օրը վախեցածի պես տանն է։ Եթե ստվերս չի տեսնում, չգիտեմ ինչ վիճակի է լինում։ Հայրը չի կարողանում գնալ աշխատանքի, ստիպված իր հետ է տանում` այլ տարբերակ չկա։ Բացի դա` սկսեց ջերմել, ոչ մի կերպ չեմ կարողանում իջեցնել ջերմությունը։ Պարզվեց ապրումներից է։ Դիմեցինք հոգեբանի»,- գրել է երեխայի մայրը՝ Հ.Կ.-ն:

Տղան, որ ծնողներին ոչինչ չի պատմել, հոգեբանին վստահել է:

«Պարզվում է՝ այդ պարտեզ կոչված քրեակատարողականում, եթե երեխաները դանդաղ են ուտում ճաշը, դաստիարակը ասում է, որ բժիշկ են կանչելու, որ բոլորին սրսկեն։ Եթե ինչ-որ երեխա լաց է լինում, իրենց մամաներն ու պապաները չեն գալու իրենց հետեւից եւ այսպես շարունակ։ Ըստ հոգեբանի` իրեն անձամբ չեն ուղղվել այդ խոսքերը, բայց քանի որ տղաս զգայուն է, իր վրա էլ է վերցրել։ Ես հասկանում եմ, խմբում 56 երեխա, դա արդեն աբսուրդ է։ Բայց մի՞թե կարելի է երեխաներին այդ աստիճան վախեցնել: Ո՞վ է պատասխան տալու երեխայիս հետ պատահածի համար»,- շարունակել է մայրը:

Մեզ հետ զրույցում Հ.Կ.-ն մանրամասնեց, որ ավագ որդին շաբաթ և կիրակի օրերին հաճախում էր ակրոբատիկայի և նկարչության դասերի, որոնցից նույնպես կտրականապես հրաժարվել է: Խանութ գնալու սիրելի զբաղմունքը նրան այլեւս չի հետաքրքրում: «Տնից դուրս չի գալիս, նրա մոտ վստահության կորուստ է: Չգիտեմ՝ ինչ արեցին սրանք»,- հուզմունքը դժվարությամբ խեղդելով՝ ասաց 5-ամյա տղայի մայրը:

Հոգեբանը, որն աշխատում է այն մասնավոր մանկապարտեզում, որտեղ Արենը նախկինում հաճախել է, դեռ այնտեղ է արժանացել տղայի վստահությանը, երեխայի հետ արդեն երկու հանդիպում է ունեցել: Մայրը կարծում է, որ առկա հոգեվիճակը հաղթահարելու համար ամիսներ կպահանջվեն, որովհետեւ առաջընթացը դանդաղ է: Տղան, ըստ նրա, կարծես զրկվել է մանկապարտեզի մասին նախկինում ունեցած դրական պատկերացումներից և միայն վերջին օրերի մանկապարտեզն է հիշում:

Այս դեպքի, առհասարակ խմբերի ծանրաբեռնվածության ու երեխաների հետ աշխատելու հակամանկավարժական կերպի մասին համար 32 մանկապարտեզի տնօրեն Նաիրա Գեւորգյանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: Սկզբում նա ասաց, որ զբաղված է, երեխաների ճաշի ժամն է մոտենում: Հետո արդեն նրան գտնել հնարավոր չեղավ:

ognirmankapartezid.am կայքի տվյալներով, Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող համար 32 մանկապարտեզում գործում է 8 խումբ: Սաների քանակը 385 է: Հասարակ թվաբանության արդյունքում պարզ է դառնում, որ խմբերում երեխաների միջին թիվը 48-ից ավելի է: Առավելագույնը, որ կարող է լինել եւ թույլատրվում է, 30-նն է: Նշված մանկապարտեզի աշխատակազմում կա ընդամենը 11 հոգի»:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լրահոս