Դավիթ Սանասարյանը խոստանում է ապրել բացառապես աշխատավարձով

1

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վստահեցնում է՝ ինքն ապրելու է բացառապես աշխատավարձով: Կառավարության նիստից հետո նման պատասխան պաշտոնյան տվեց լրագրողի այն հարցին, որ իր այդ պաշտոնը լի է կոռուպցիոն ռիսկերով, արդյոք նա աշխատավարձով է ապրելու:

«Ես բնականաբար աշխատավարձով եմ ապրելու: Ես այսօր հայտարարագիրս ներկայացնելու եմ, բոլոր տողերում զրո է գրված, չունեմ սեփականություն, վերջին շրջանում, քանի որ եղել եմ փողոցներում, աշխատանք չեմ ունեցել, հաշիվներիս վրա զրո է: Երբ կվերջացնեմ պաշտոնավարումը, կրկին կլինի հայտարարագիրը, ու դուք կտեսնեք, որ աշխատավարձերի շարժերն են միայն»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է  Դավիթ Սանասարյանը:

Հարցին՝ իսկ ինչպես է ապրել առանց աշխատանքի, նա ասել է . «մի կերպ»:

Ինչ վերաբերում է «Նախագահի վերահսկողական ծառայություն» կառույցի աշխատակիցների հետագա ճակատագրին, պաշտոնյան նկատել է , որ բոլոր բարեխիղճ աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը նոր գերատեսչության՝ Պետական վերահսկողության ծառայության շրջանակներում:

«Մենք հակված ենք պրոֆեսիոնալներին նորից հրավիրել աշխատանքի: Վստահ եղեք, չի կարող լինել համակարգ, որտեղ կոռուպցիա լինի, բայց այնտեղ պրոֆեսիոնալներ չլինեն: Պրոֆեսիոնալների աշխատանքի շնորհիվ է, որ ոմանք հարստացել են: Պետք է բարեխիղճ աշխատակիցներին տալ հնարավորություն՝ առանց ճնշումների աշխատելու: Այդ կադրերը կան բոլոր պետական հիմնարկներում»,-վստահեցրել է  զրուցակիցը։

Նա նաև նշեց, որ իրենց կառույցը ստանում է մեծ թվով բողոքներ, որոնցից շատերը կապված են դատական համակարգի գործունեության հետ: «Մարդիկ հիմնականում դժգոհում են դատական համակարգից, որի հետ կապված ոչինչ չեմ կարող անել, լիազորություններ չկան։ Կան դատական ակտեր, ես ամենաշատը կարող եմ բարձրագույն դատական խորհուրդ վերահասցեավորել բողոքները, տեսնել ինչ ընթացք են ստանում»,-հավելել է  Դավիթ Սանասարյանը: