9 Հունվարի, 2017

Վերջին օրերին մամուլում եւ սոցցանցերում հանրային լայն քննարկման առարկա դարձավ Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպսիսկոպոս Չուլջյանի Սուրբ Ծննդյան քարոզը, որտեղ Սրբազանը կոչ էր արել միաբանվել եւ ձեռնամուխ լինել քաղաքի զարգացմանը` մի կողմ դնելով տարակարծություններն ու անհամաձայնությունները:

Ani Product

Հիշեցնենք, որ Վանաձորում տեղի ունեցած համայնքի ավագանու ընտրություններից հետո ավագանու նիստեր չեն գումարվել ու քաղաքի բյուջեն չի հաստատվել, քանի որ ընդդիմադիր երեք կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» բոյկոտում են ավագանու նիստերը, իսկ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հունվարի 10-ին լրանում է ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման ժամկետը, և նա պետք է հրաժարական տա, քանի որ ավագանու18 ընդդիմադիր անդամները չեն ճանաչում Մամիկոն Ասլանյանի՝ քաղաքապետ լինելու հանգամանքը: Էդմոն Մարուքյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ անընդունելի է համարում օգտագործել Սուրբ Ծնունդը և իրենց ներկայությունը եկեղեցում՝ նման կոչ անելու համար:

Ani Product

Խնդրո առնչությամբ «Հրապարակը» զրուցեց նաեւ ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: Սրբազանը նշեց, որ ինքը կատարել է իր առաջնորդական պարտքը եւ հնչեցրել միաբանվելու կոչ` առանց քաղաքական որեւէ նպատակի կամ շահի: «Երկու կողմում էլ մեր Առաքելական եկեղեցու զավակներն են եւ իմ կոչը վերաբերել է երկու կողմին էլ անխտիր` միավորվել, միաբանվել եւ լծվել մեր քաղաքի զարգացման գործին: Ինձ համար սա է առաջնահերթությունը, եւ որպես հովիվ, որպես թեմի առաջնորդ, ում վստահված է մարզն ու Վանաձորը, կարծում եմ, որ իրավունք ունեմ իմ հավատացյալների բարօրությանն ի խնդիր նման կոչ հնչեցնելու»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սեպուհ արքեպիսկոպոսը:

-Սրբազան, Ձեզ մեղադրում են, որ քաղաքական պրոցեսներին եք փորձում միջամտել:

-Ամենեւին, կեղծ և անհիմն շահարկում է: Քարոզումս նույնիսկ ես շեշտեցի, որ ես զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից եւ շահարկումից եւ սոսկ միայն բարի մաղթանքս հղել իմ ժողովրդին, որի զավակներն են ինչպես մեր մարզի եւ քաղաքի գործող իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները: Այսքան տարիները, որ ես առաջնորդ եմ Գուգարաց թեմում գալիս են վկայելու, որ ես որեւէ կերպ` ոչ խոսքով, ոչ գործով չեմ միջամտել որեւէ քաղաքական պրոցեսի, որեւէ ընտրության, թեեւ որպես ՀՀ քաղաքացի, ինձ ոչ ոք չի կարող եւ իրավունք էլ չունի իմ անձնական կարծիքն ունենալու եւ այն արտահայտելու ազատությունից զրկելու: Սակայն հասկանալով այն կարգավիճակը եւ հանգամանքը, որ ունեմ ես մշտապես զերծ եմ մնացել տարբեր մեկնաբանություններ եւ կարծիքներ հայտնելուց, միշտ թողնելով, որ ժողովուրդը ինքը որոշի իր ընտրությունը եւ կատարի:

– Սրբազան, փաստորեն, ձեր կարծիքով` Էդմոն Մարուքյանը Ձեզ անհիմն է մեղադրում:

-Այո, ես տարբեր առիթներով փորձել եմ անուղղակի և ուղղակի նպաստել Էդմոն Մարուքյանի քաղաքական դաշտում կայացման գործին: Կարծում եմ ինքը ևս, եթե ազնիվ գտնվի, կխոստովանվի: Ինչ արած… այս երիտասարդը դեռահաս քաղաքական գործիչ է. կայացման խնդիր ունեցող: Ես հայրաբար կշարունակեմ նպաստել նրա կայացման գործընթացին:

– Սրբազան, Ձեզ նաեւ մեղադրում են, որ գնացել եւ օրհնել եք Մամիկոն Ասլանյանի երդմնակալությունը, այն դեպքում, երբ դա եղել է մանդատագողությամբ, ինչպես իր մեկնաբանությունում նշել է պարոն Էդմոն Մարուքյանը:

– Նույն հաջողությամբ ես կգնայի եւ կօրհնեի պարոն Քրիստ Մարուքյանին կամ մյուս թեկնածուներին, եթե նրանք ընտրվեին, անկախ այն հանգամանքից, թե այդ դեպքում մյուս կողմում կանգնած թեկնածուները կամ ուժերը ինչ կասեին: Ինձ համար անձը կամ քաղաքական ուժը այնքան կարեւոր չէ, որքան այն, որ տվյալ անձի եւ իրեն ներկայացնող քաղաքական ուժի կողմից քաղաքի խնդիրներին լուծում տալ կարողանալը: Ես իմ քարոզի ժամանակ էլ ասել եմ, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը անմիաբանությունն է, այսօր էլ նույնն ասում եմ ձեզ: Միաբանվելուց զատ, մենք այլ ճանապարհ չունենք:

-Հունվարի տասին լրանում է ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման ժամկետը, և նա պետք է հրաժարական տա, քանի որ ավագանու18 ընդդիմադիր անդամները չեն ճանաչում Մամիկոն Ասլանյանի՝ քաղաքապետ լինելու հանգամանքը: Ինչպիսի’ն է Ձեր վերաբերմունքը:

-Թող լինի այն, ինչը կամքն է Աստծո եւ բարին է: Կրկին շեշտեմ, որ զերծ կմնամ որեւէ գործընթացից առաջ տվյալ գործընթացի վերաբերյալ մեկնաբանություն տալուց` չցանկանալով կանխակալ մոտեցումներ ձեւավորել կամ ակամա ուղղորդել մեր ժողովրդին: Թող քաղաքական ու կուսակցական գործիչները փորձեն միմյան հետ ազնիվ լինել:

Եկեղեցին մշտապես ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ կողմնակից է: Արման Գրիգորյան Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս