«Իմ համար քո հեռանալը փախուստ է մենակությունից. գնա՛ս». Վարազդատ Կարապետյանի բաց նամակը՝ Է.Առաքելյանին

1
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը բաց նամակով դիմել է նույն խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանին:

«Հարգելի Էդգար,կարդացի պատգամավորական մանդատը վայր դնելու քո որոշմանմասին։

Քեզ որպես մարդ չեմ հասցրել ճանաչել, սար չենք բարձրացել միասին, բայց լսել եմ հրապարակային խոսքդ, ելույթներդ, մտքերդ, տեսել ու կիսել եմ քո վերաբերմունքը տարբեր բարդ իրավիճակներում։

Ու հաճախ, երբ մտածում եմ, թե ու՛մ հետ եմ ես անցնում այս ինձ համար անօրինակ ճանապարհը, դու եղել ես այն մարդը, ով ուժ է տվել ու կամք, մեր արժեքներին չդավաճանելու վճռականություն։

Վերջին օրերի ընթացքում շատ եմ մտածում թիմի, դրա բնույթի, արժեքների մասին։
Դու այն եզակի մարդն ես, ով հստակ դեր ունի՝ նոր ճանապարհ ցույց տալու և դրանում առաջնորդելու, անարդարությունն ի ցույց դնելու և ազատությունը պաշտպանելու դեր։

Քո խոսով ու վարքով դու այն հիմքն ու հենարանն ես, որի վրա կարելի է խարսխել ամբողջ պետական համակարգը վստահությամբ, որ մենք չենք լճանա, որ չենք հարմարվի մեր տաք աշխատասենյակներին ու մեքենաներին, աշխատավարձին ու «էլիտար» շրջապատին, որ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ չենք կտրվի։

Դու չունես ենթաօրակարգ, ենթաթիմ, այլ տարբեր ենթաներ։

Իմ համար 131- ից դու առաջինն ես, 87- ից՝ նույնպես։

Վստահ եմ, որ այս որոշումը կայացնելիս թեթևություն ես զգացել, կարծես մի մեծ բեռ են ուսերցդ վերցրել։

Բայց էդ բեռը հետո կա՛մ չի բաշխվի որևէ կերպ, կա՛մ հավասարապես չի բաշխվի։ Դու ցանկանում ես թողնել մի դեր, որի կրողը չկա։ Քո տեղը չի լրացվի, այն դատարկ կմնա։
Ու էդ դատարկ տեղը քեզ ամբողջ կյանքում կճնշի, ինձ ու իմ նման մտածողներին մենակ թողնելը քեզ հանգիստ չի՛ տա։

Իմ համար քո հեռանալը փախուստ է․․․ մենակությունից։

Բայց էս նամակի հիմնական իմաստը մեկն է՝ դու մենակ չես ու ինձ դու պետք ես։

Չգնա՛ս»