Իշխան Զաքարյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանում և ԱՄԷ-ում

11

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է սահմանները Սեպտեմբերի 17-ից 24-ը Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպումներ ունեցավ Ղազախստանի հանրապետության մի շարք քաղաքների հայ համայքի ներկայացուցիչների հետ:

Համահայկական խաղերի 20- ամյա պատմության ընթացքում Ղազախստանի հայերը երբեք չեն մասնակցել որևէ միջոցառման: Նուրսուլթանում ձևավորվեց Համահայկական խաղերի նորընտիր կոմիտե, որի նախագահ նշանակվեց գործարար Հայկ Սողոյանը:

Ղազախստանի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ Իշխան Զաքարյանը և Հայկ Սողոյանը քննարկեցին կազմակերպչական բազմաթիվ հարցեր: Այնուհետև Իշխան Զաքարյանը ժամանեց ԱՄԷ: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի 11-հոգանոց պատվիրակությունը Համահայկական խաղերի պատմության ընթացքում առաջին անգամ խաղերին մասնակցեց այս տարի: Սեպտեմբերի 30-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը և ԱՄԷ- ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը հյուրընկալվեցին ԱՄԷ- ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Եպիսկոպոս Սարգիսեանին:

Թեմական խորհրդի անդամների և Աբու-Դաբիում համայքի որոշ ներկայացուցիչների հետ քննարկվեցին համահայկական հաջորդ խաղերի ընթացքում պատվիրակությունների ձևավորման և մասնակցության խնդիրները: Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը քաջատեղյակ էր և ոգևորված Համահայկական 7-րդ խաղերի անցկացման և հատկապես բացման արարողությամբ: Նա տեղեկացրեց, որ բավականին գործ է արել Քաթարում և հաջորդ խաղերին ակնկալվում է Դոհայի մասնակցությունը ֆուտզալ և բասկետբոլ մարզաձևերում:

Համատեղ քննարկումների արդյունքում արձանագրվեց, որ հաջորդ խաղերին բավականին ընդգրկուն մասնակցություն կունենան Շարժա և Աբու-Դաբի քաղաքները:

Վերջում Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին պարգևատրեց իրենց բարձրագույն մեդալով:

Առաջիկայում սպասվում են իշխան Զաքարյանի հանդիպումները Ռուսաստանի և եվրոպական այն քաղաքների ներկայացուցիչների հետ, որոնք փոքր թվով են մասնակցում կամ ընդհանրապես չեն մասնակցում Համահայկական խաղերին: