1 Հունվարի, 2017

Հայրենի երկրի սահմանին կանգնած զինվորը կրկին ցույց տվեց իր ոգու եւ բազկի ուժը. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք 2016 թվականին, տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք ազգովի կառուցել ու շենացնել մեր հայրենիքը, արձանագրեցինք հաջողություններ ու ձեռքբերումներ, հաղթահարեցինք փորձություններն ու դժվարությունները:

Բոլորիս մոտ թարմ են ապրիլյան թեժ օրերի հիշողությունները, թարմ են կորստի ցավն ու կսկիծը եւ մեր հերոս զավակների ու եղբայրների սխրանքը: Օրհասական պահին հայ ժողովուրդը կրկին դրսեւորեց անօրինակ միասնություն` շատ կարճ ժամանակում համախմբվելով եւ պաշտպանելով իր արժանապատվությունը: Հայրենի երկրի սահմանին կանգնած զինվորը կրկին ցույց տվեց իր ոգու եւ բազկի ուժը` հետ շպրտելով սանձազերծ հակառակորդին:

Հայրենիքը պաշտպանելիս ծնվեցին նոր հերոսներ, ում անունները ոսկե տառերով փորագրվեցին մեր ժողովրդի պատմության մեջ: Նրանց անձնվիրությունն ու հայրենասիրությունը միշտ ընդօրինակման ու ոգեշնչման աղբյուր կլինեն ներկա եւ ապագա սերունդների համար: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին: Թող նրանց ընտանիքներում այսուհետ միշտ տիրի միայն ուրախություն ու բարօրություն, թող նրանց երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ եւ իրենց հայրերի երազած ազատ, անկախ ու զարգացած հայրենիքում:

Թանկագի՛ն բարեկամներ,

Նոր տարին բոլորիս համար նոր հույսերի ու ակնկալիքների տոն է: Մենք հավատում ենք, որ ամեն գալիք տարվա հետ կփոխվի նաեւ մեր կյանքը, այն կդառնա ավելի լավ ու բարեկեցիկ, ջերմությամբ ու բարությամբ կլցվեն մեր օջախները, ավելի կզորանա ու կբարգավաճի մեր հայրենիքը:

2017 թվականը մեր ժողովրդի եւ պետության համար հագեցած է լինելու կարեւոր իրադարձություններով: Ազգովի տոնելու ենք մեր բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը՝ հաղթանակներ, որոնք շրջադարձային եղան Արցախի կյանքում եւ մեծ խորհուրդ են պարունակում իրենց մեջ:

Ինչպես այդ հաղթանակները, այնպես էլ անկախության տարիների մեր բոլոր ձեռքբերումները հնարավոր են դարձել Մայր Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների, համայն հայության ջանքերով: Մենք եղել ենք միասին ու միակամ թե՛ հաղթանակի եւ թե՛ փորձության ժամին: Այդպես եղել է, կա եւ կլինի ընդմիշտ: Դա՛ է մեր հաջողության ճանապարհը:

Սիրելի՛ արցախցիներ,

Այս ջերմ ու տոնական օրը նախեւառաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, այն քաջ տղաներին, ովքեր խրամատներում կդիմավորեն Ամանորը` աչալուրջ հսկելով մեր ժողովրդի անդորրը: Թող մեր զինվորները պատվով իրականացնեն իրենց ծառայությունը եւ ողջ ու առողջ վերադառնան տուն:

Շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցներին, ողջ հայ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու բարեկեցություն: Թող 2017 թվականը լինի նվիրական իղձերի եւ նպատակների իրականացման տարի Արցախի յուրաքանչյուր ընտանիքի համար:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 

Լրահոս