11 Հունվարի, 2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի ընկերությանը առանց մրցույթի հողամաս կտրամադրի: Այս հարցը ներառված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում, որը գործադրին է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Գարեգին Նուշիկյանի հիմնադրած «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը նախորդ տարվա օգոստոսի 3-ին վարչապետ Կարեն Կարապետյանին ներդրումային ծրագիր է ներկայացրել: Մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու նպատակով «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ն խնդրել է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը տրամադրել ընկերությանը՝ փոխելով հողի նպատակային նշանակությունը:

«Երևան քաղաքում կստեղծվի տարածաշրջանում նմանատիպը չունեցող, եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանող հանգստի և ժամանցի կենտրոն, որը էական խթան կհանդիսանա զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար, տարածքի կանաչապատումը կնպաստի շրջակա միջավայրի բարելավմանը, կստեղծվեն մշտական աշխատատեղեր»,- ասված է կառավարության որոշման նախագծում:

Նշված 27 հեկտար տարածքն այժմ համարվում է անտառային գոտի, սակայն նպատակային նշանակությամբ չի օգտագործվում: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70%-ը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ և կանաչապատ տարածք: Հողամասի 25-30%-ը պետք է կազմեն ճանապարհները, արահետները, սպորտային հրապարակները, խաղահրապարակները և ջրային մակերեսները, իսկ այցելուների սպասարկման համար նախատեսված ատրակցիոնների և կառուցապատման այլ տարրերի զբաղեցրած մակերեսը չպետք է գերազանցի տրամադրված հողամասի 7%-ը:

Նախատեսվում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել, որի հաշվին 60 ամսվա ընթացքում մոտ 27 հա հողամասի վրա կկառուցվի մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի՝ գերժամանակակից ատրակցիոններով հագեցած, իր տեսակով եզակի կենտրոն, որը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 350 մշտական աշխատատեղ, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կկանաչապատվի և կբարեկարգվի ամբողջ տարածքը:

Ներդրումային ծրագրի համաձայն՝ ժամանցի կենտրոնում կկառուցվի 35 մետր բարձրությամբ պտտվող անիվ, 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստեր, 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակ և այլն: Կենտրոնում կլինի նաև 5000 քմ մակերեսով ծածկված սրահ, որտեղ այցելուները կկարողանան վայելել իրենց ժամանցը վատ եղանակային պայմանների դեպքում:

Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300 հազար այցելու: Ներդրումային ծրագրի իրականացման համար հողամասը «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվելու է վարձակալության և կառուցապատման իրավունքներով: Ծրագրի հետգնումը նախատեսվում է 10 տարվա ընթացքում։ 10 տարվա ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերը կկազմեն մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս