ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի

1

Այսօր հայտնի դարձավ, որ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է նախկին փաստաբաններից մեկին, ով փորձել է որպես միջնորդ կաշառք փոխանցել վճռաբեկ դատարանի դատավորներից մեկին: Նպատակը քաղաքացու օգտին մի քաղաքացիական գործով վճիռ կայացնելն է։

Ձերբակալված անձինք երկուսն են։ Մեր տեղեկություններով, երկրորդը վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանն է։ Նա վճռաբեկի հին աշխատակիցներից է։ Բարի համբավ ուներ գործընկերների շրջանում։ Նրան ճանաչողները զարմացած են։

Հայտնի է նաև, որ վճռաբեկ դատարանի աշխատակիցն ու նախկին փաստաբանը ձերբակալվել են վճռաբեկ դատարանի շենքից դուրս։

Ձերբակալության վերաբերյալ ԱԱԾ-ն լիարժեք գաղտնիություն է պահում։ Կոռուպցիոն հերթական սկանդալի մասնակիցների անունները թաքցնում են։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության, ձերբակալված նախկին փաստաբանը հասարակական կազմակերպության նախագահ է, որը իրավաբանական ծառայություններ է մատուցում։

«Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է», – հայտնում է ԱԱԾ-ն: